BYD-ն սեդանում ներդրել է այն տեխնոլոգիաները, որոնք կիրառում է իր պրեմիում դասի ամենագնացներում և սուպերքարերում։
Նոր BYD Seal 07-ը չինական շուկայում ներկայացվել է 135 900 յուան մեկնարկային գնով՝ փոխարժեքի վերահաշվարկով։
Սեդանը հասանելի է հիբրիդային և ամբողջությամբ էլեկտրական տարբերակներով։ Չինական մոդելի բոլոր համալրումները ներառում են առնվազն վեց անվտանգության բարձիկ (այդ թվում՝ երկար կողային անվտանգության վարագույրներ), տեսաձայնագրիչ և վարորդի ուշադրության վերահսկման համակարգ։
Seal 07-ի էլեկտրական տարբերակը համալրված է 333 ձիաուժ հզորությամբ մեկ էլեկտրաշարժիչով։ Այն աշխատում է 76.7 կՎտժ տարողությամբ մարտկոցի հետ, որն ապահովում է մինչև 775 կմ ընթացքի պաշար։
Հիբրիդային տարբերակում տեղադրված է 1.5 լիտր ծավալով տուրբոշարժիչ՝ մինչև 156 ձիաուժ հզորությամբ, ինչպես նաև 218 ձիաուժ հզորությամբ էլեկտրաշարժիչ։ Այս տարբերակում նախատեսված է 38 կՎտժ տարողությամբ մարտկոց, որը թույլ է տալիս միայն էլեկտրական շարժիչով անցնել մինչև 330 կմ։
Էլեկտրական տարբերակում կիրառվում է Blade մարտկոցը, որը 10%-ից մինչև 97% լիցքավորվում է ընդամենը 9 րոպեում։
Seal 07-ի բազային տարբերակը համալրված է թափքի տատանումների խելացի կառավարման համակարգով։ Սեդանն ունի մի քանի տվիչներ, որոնք հետևում են ճանապարհի վիճակին, ինչպես նաև կարգավորվող կոշտությամբ ամորտիզատորներ։ Դրանք նվազագույնի են հասցնում թափքի թեքումները և ճոճումները։
Seal 07-ի առավելագույն համալրմամբ տարբերակը դարձել է BYD-ի առաջին մատչելի ավտոմեքենան, որն ստացել է մագնիսառեոլոգիական կախոց։ Նախկինում ընկերությունն այս տեխնոլոգիան կիրառում էր Denza և Fang Cheng Bao (Formula Leopard) պրեմիում մոդելներում։
Այս տարբերակի կախոցը ճանապարհի անհարթություններին արձագանքում է բազային տարբերակի համեմատ 10 անգամ ավելի արագ։ Նոր մոդելի էլեկտրոնային համակարգն օգտագործում է տեսախցիկներ և լիդար՝ նախապես փոխելով ամորտիզատորների կարգավորումները՝ ճանապարհի տեղանքին համապատասխան։
Չինական նորույթը ստանդարտ համալրմամբ ունի 15.6-դյույմանոց սենսորային էկրան, 10.25-դյույմանոց թվային գործիքների վահանակ, երկգոտի կլիմայի կառավարման համակարգ, էլեկտրական վարագույրով պանորամային ապակեպատ տանիք և անլար լիցքավորման համակարգ։
Հավելավճարի դիմաց Seal 07-ը կարելի է համալրել առջևի նստատեղերի մերսման գործառույթով, պրոյեկցիոն էկրանով, սառնարանով, քաղաքային պայմաններում ինքնավար վարման համակարգով, 20 բարձրախոսով պրեմիում դասի աուդիոհամակարգով և այլ լրացուցիչ հնարավորություններով։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։