Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից

Քաղաքականություն

06.11.2026 | 15:14

«Պատճառների մասին ես չէ, որ պետք է բարձրաձայնեմ։ Ես ձեզ հետ անկեղծ կլինեմ․ առնվազն այսօրվա մասով ընտրության ելքն ինձ համար անկանխատեսելի չէր»,- այս մասին այսօր Սահմանադրական դատարանի դիմաց 24 News-ի հետ զրույցում ասել է ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը, որը հավակնում էր ՍԴ նախագահի պաշտոնին։

Լրագրողի հարցին՝ այդպիսի տեղեկություններ ունե՞ր, Շաթիրյանը պատասխանել է․ «Ես իմ էությամբ այդպիսին չեմ, որ ընկնեմ, փորփրեմ, ինչ-որ տեղեկություններ պարզեմ, և այդ տեղեկությունները ինչ-որ չափով խեղաթյուրելով շրջանառեմ։ Ես ընդամենը մի նախադասություն կասեմ և սրանով կավարտեմ․ արդյոք սա՞ էր 2020 թվականի հունիսին տեղի ունեցած Սահմանադրության փոփոխության վերջնանպատակը։ Ես չեմ ուզում հավատալ սրան անձնապես, բայց առկա իրողությունները ստիպում են հաշվի նստել իրենց հետ: Այլ խոսքով՝ մոտ վեցուկես տարի անց մենք ունեցանք դարձ ի շրջանս յուր»,- ասել է Շաթիրյանը։

Նա հայտնել է, որ որպես դատավոր կշարունակի պաշտոնավարել, բայց նպատակահարմար չի համարում  պաշտոնավարել որպես ՍԴ փոխնախագահ։

Նշենք, որ Շաթիրյանը հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած ՍԴ նախագահի ընտրության օրը առաջին փուլում ստացել էր 5 ձայն, իսկ երկրորդ փուլում 15 տարվա իրավաբանի ստաժ ունեցող դատավորներից մեկի քվեաթերթիկն անվավեր էր ճանաչվել, որի պատճառով Շաթիրյանը չէր դարձել նախագահ։

Իսկ ահա նոր ընտրության ժամանակ, փաստորեն, դատավորը քվեարկել է մյուս թեկնածուի՝ Վլադիմիր Վարդանյանի օգտին, արդյունքում նա է դարձել նախագահ։

Արաքս Մամուլյան

Leave a comment