Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքում լարվածությունը նվազեցնելուն ուղղված դիվանագիտական ջանքերը։
«Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև ռազմավարական հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումներին, մասնավորապես՝ լարվածության թուլացմանն ուղղված դիվանագիտական ջանքերին», – ասվում է Կատարի էմիրի գրասենյակի հայտարարության մեջ։
Ղեկավարները քննարկել են միջազգային ջանքերը, այդ թվում՝ Դոհայի դերը որպես միջնորդ՝ «շահագրգիռ կողմերի դիրքորոշումները մերձեցնելու և բանակցային գործընթացին աջակցելու» հարցում։
Կատարի էմիրն ընդգծել է երկխոսության պահպանման և տարաձայնությունների լուծման համար դիվանագիտական ուղիների կիրառման կարևորությունը։ Նա նաև շեշտել է «տարածաշրջանում լարվածության հետագա սրումից խուսափելու, ծովային նավագնացության ազատությունն ապահովելու և էներգակիրների մատակարարման անվտանգությունը երաշխավորելու» անհրաժեշտությունը։
Կատարն ակտիվորեն ներգրավված է Միացյալ Նահանգների և Իրանի միջև ընթացող անուղղակի բանակցություններում, որոնք նպատակ ունեն լուծել Պարսից ծոցի տարածաշրջանում առկա ճգնաժամը։