ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկում է ընդլայնել ռազմական ոստիկանության լիազորությունները։ Նախարարության առաջարկած նախագծով նախատեսվում է ռազմական ոստիկանությանը իրավունք տալ վերահսկելու թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցությունը, ստեղծելու օրենքով սահմանված կարգով իրականում գոյություն չունեցող կազմակերպություններ և օգտագործելու Ազգային անվտանգության մարմինների պատրաստած քողարկող փաստաթղթեր։ Նախագիծը երեկ հրապարակվել է e-draft.am հարթակում։
ՀՀ պաշտպանության նախարարությունը նախագիծը հիմնավորում է ռազմական ոստիկանության օպերատիվ-հետախուզական և հետաքննչական կարողություններն ընդլայնելու անհրաժեշտությամբ։ Առաջարկվող փոփոխությունները հիմնավորվում են հետևյալ կերպ․
- Հանցագործություններին արագ հակազդելու անհրաժեշտությամբ։
Ըստ նախարարության՝ ռազմական ոստիկանությանն այժմ հասանելի իրավական գործիքակազմը բավարար չէ իր առջև դրված խնդիրները լիարժեք իրականացնելու, հանցագործությունները ժամանակին կանխելու, հայտնաբերելու և բացահայտելու համար։
- Հանցագործությունների կատարման եղանակների փոփոխությամբ։
Հիմնավորման մեջ նշվում է, որ տարեցտարի փոխվում են հանցագործությունների տեսակները, կատարման ձևերն ու մեթոդները։ Հանցագործությունների կազմակերպման, հետքերը թաքցնելու կամ պարտակելու համար օգտագործվում են նաև տեխնիկական միջոցներ, այդ թվում՝ բջջային և ինտերնետային կապ։
- Ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման դժվարությամբ։
Նախարարությունը որպես օրինակներ նշում է թմրամիջոցների և զենք-զինամթերքի ապօրինի շրջանառությունը, զինվորական ունեցվածքի հափշտակությունը, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող հանցագործությունները։ Ըստ հիմնավորման՝ դրանք հաճախ ունեն բարձր լատենտայնություն, իսկ մասնակիցները գործում են բարդ սխեմաներով և թաքցնում հանցագործությունների հետքերը։
- Հեռախոսային և թվային հաղորդակցության վերահսկման անհրաժեշտությամբ։
Նախարարության համոզմամբ՝ ռազմական ոստիկանությանը «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու իրավունք տալը հնարավորություն կտա ավելի արդյունավետ կանխել, խափանել, հայտնաբերել և բացահայտել զինված ուժերում կատարվող ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունները։
- Զինված ուժերում ինքնասպանության հասցնելու և շորթման դեպքերը կանխելու նպատակով։
Որպես առաջարկվող լիազորության կիրառման հնարավոր օրինակներ՝ նշվում են ինքնասպանության հասցնելու և շորթման դեպքերը։ Նախարարությունը նաև ակնկալում է, որ այդ միջոցառումը կօգնի բացահայտել նման հանցագործությունների պատճառներն ու պայմանները, այդ թվում՝ ոչ կանոնադրական հարաբերությունները և քրեական ենթամշակույթին բնորոշ բարքերը։
- Օպերատիվ աշխատանքների գաղտնիությունն ապահովելու անհրաժեշտությամբ։
Նախագծով առաջարկվում է ռազմական ոստիկանությանը թույլատրել իր խնդիրներն իրականացնելու նպատակով օրենքով սահմանված կարգով ստեղծել իրականում գոյություն չունեցող կազմակերպություններ։ Նախարարությունը դա հիմնավորում է օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունավետության համար դրանց իրականացման մեթոդների ու միջոցների գաղտնիության և կոնսպիրացիայի ապահովման անհրաժեշտությամբ։
- Քողարկող փաստաթղթերից օգտվելու հնարավորությամբ։
Նախատեսվում է ռազմական ոստիկանությանը նաև իրավունք վերապահել օգտագործելու ազգային անվտանգության մարմինների պատրաստած քողարկող փաստաթղթերը։ Սա նույնպես հիմնավորվում է օպերատիվ-հետախուզական գործունեության գաղտնիության ապահովմամբ։
- Այլ իրավապահ մարմինների համար գործող կարգավորումների օրինակով։
Նախարարությունը նշում է, որ թվային և հեռախոսային հաղորդակցության վերահսկումն իրականացվելու է նույն ընդհանուր պահանջներով, որոնք արդեն գործում են ոստիկանության, քրեակատարողական ծառայության մարմինների և Հակակոռուպցիոն կոմիտեի համար։
- Զինված ուժերում կարգապահությունն ու մարտունակությունն ամրապնդելու նպատակով։
Ըստ հիմնավորման՝ փոփոխությունները կնպաստեն զինված ուժերում հանցագործությունների կանխարգելմանը, կանոնադրական հարաբերությունների և բարոյահոգեբանական վիճակի ամրապնդմանը, ինչպես նաև մարտունակության բարձրացմանը։
Անի Թամրազյան