Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի երկրամասում Աֆիպսկի նավթավերամշակման գործարանին

Քաղաքականություն

06.11.2026 | 12:49

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի վրա։ Տարածաշրջանային օպերատիվ շտաբի հաղորդմամբ՝ Աֆիպսկի բնակավայրում  գտնվող ձեռնարկություններից մեկի տարածքում հրդեհ է բռնկվել, գրում է Current time-ը։

Ձեռնարկության անվանումը չի հստակեցվում։ Սակայն ուկրաինական մոնիթորինգային  տելեգրամ ալիքները՝ Exilenova+ և Supernova+, հայտնում են, որ հարվածի թիրախը եղել է Աֆիպսկի նավթավերամշակման գործարանը։

Տեղական իշխանությունների տվյալներով՝ տուժածներ չկան։ Դեպքի վայրում աշխատում են օպերատիվ և հատուկ ծառայությունները։

Աֆիպսկի նավթավերամշակման գործարանը, որը Ռուսաստանի հարավի խոշորագույն նավթավերամշակման ձեռնարկություններից մեկն է, նախկինում նույնպես բազմիցս ենթարկվել է հարձակումների, ինչի հետևանքով ստիպված է եղել ժամանակավորապես դադարեցնել աշխատանքը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գիշերվա ընթացքում Ռուսաստանի ութ շրջանների, օկուպացված Ղրիմի, ինչպես նաև ծովային տարածքների վրա խոցվել է ուկրաինական 142 անօդաչու թռչող սարք։

Նախարարության պնդմամբ՝ անօդաչու սարքերը խոցվել են սահմանամերձ Կուրսկի և Բելգորոդի, ինչպես նաև Տուլայի, Օրյոլի, Ռոստովի, Աստրախանի և Մոսկվայի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի, Սև և Ազովի ծովերի  վրա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment