Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել՝ այդ թվում ՌԴ քաղաքացի

Քաղաքականություն

05.11.2026 | 22:27

Լեհաստանում վեց մարդ է ձերբակալվել՝ ռուսական հետախուզության շահերից բխող գործունեության կասկածանքով։ Այս մասին, X սոցիալական ցանցում հայտնել է Լեհաստանի հատուկ ծառայությունների համակարգող Տոմաշ Սեմոնյակը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Խոսքը 25-52 տարեկան Լեհաստանի հինգ քաղաքացիների և Ռուսաստանի 37-ամյա կին քաղաքացու մասին է։ Լեհաստանի ներքին անվտանգության գործակալության (ABW) տվյալներով՝ կասկածյալներից չորսը կալանավորվել են լրտեսության մեղադրանքով։

ABW-ի հաղորդմամբ՝ խումբը կասկածվում է Ռուսաստանին զինամթերքի և սպառազինության համակարգերի արտադրության համար նախատեսված բաղադրիչների խոշոր խմբաքանակներ ապօրինի մատակարարելու մեջ։

Բացի այդ, ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել Լեհաստանի միջազգային անվտանգության և պաշտպանության համար կարևոր նշանակություն ունեցող տեխնոլոգիաների ու ապրանքների մատակարարման առևտրային սահմանափակումները խախտելու համար։ Սեմոնյակի խոսքով՝ 2024 թվականի սկզբից Լեհաստանում լրտեսության և դիվերսիաների մեղադրանքներով պատասխանատվության է ենթարկվել արդեն շուրջ 100 կասկածյալ։

Լեհաստանը, որը Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ է, Ուկրաինայի գլխավոր աջակիցներից մեկն է և կարևոր տարանցիկ հանգույց՝ այդ երկիր արևմտյան սպառազինության ու մարդասիրական օգնության մատակարարման համար։ 2022 թվականի փետրվարին Ռուսաստանի՝ Ուկրաինա զինված ներխուժման սկզբից ի վեր Վարշավան բազմիցս մեղադրել է Մոսկվային դիվերսիաներ կազմակերպելու մեջ։

Նոյեմբերի 3-ին Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել էր Ռուսաստանի Կալինինգրադի մարզի հետ սահմանին հնարավոր սադրանքների փորձերի մասին՝ նշելով, որ դրանք կանխվել են։

 

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment