Գագիկ Բեգլարյանի կալանքը երկարաձգվել է ևս 2 ամսով

Բաժանորդագրվել

Բեգլարյանի փաստաբանը նշել է, որ դատարանի որոշումն բողոքարկելու են Վերաքննիչ ատյանում։

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի կալանքի ժամկետը նոյեմբերի 4-ին երկարաձգվել է ևս 2 ամսով։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

Կայքի հետ զրույցում Բեգլարյանի պաշտպան Հրանտ Անանյանը նշել է, որ դատարանի որոշումը բողոքարկելու են Վերաքննիչ դատարանում, թեև դատական ակտը դեռ չեն ստացել։
Անանյանը կալանքի երկարաձգումն ապօրինի է համարել` պնդելով, որ վարույթն իրականացնող մարմինը շարունակում է վկայակոչել քննությանը խոչընդոտելու ռիսկերը՝ առանց քննչական գործողություններ կատարելու։

«5 ամիս վկայակոչում են՝ խոչընդոտման ռիսկեր կան, բայց քննչական գործողություններ չեն անում»,– ասել է փաստաբանը։

Նշենք, որ Գագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարաձգվել էր այս տարվա սեպտեմբերի 3–ին։

Հիշեցնենք, որ Գագիկ Բեգլարյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ։ ՀՀ գլխավոր դատախազությունը 2025 թվականին Հակակոռուպցիոն դատարան հայցադիմում էր ներկայացրել` Բեգլարյանից 76.8 մլն դրամ բռնագանձելու համար։ Դատարանն ամբողջությամբ բավարարել էր հայցը։

Leave a comment