Ադրբեջանական SOCAR-ը 1,65 միլիարդ դոլարով բաժնեմասեր է ձեռք բերել ԱՄՆ-ում գազային երեք նախագծերում

Քաղաքականություն

05.11.2026 | 19:19

Ադրբեջանի պետական նավթային ընկերություն SOCAR-ը  ամերիկյան Comstock Resources-ի հետ ստորագրել է վերջնական համաձայնագիր՝ ԱՄՆ-ում գազի արդյունահանման երեք նախագծերում ոչ օպերացիոն մասնակցության բաժնեմասեր ձեռք բերելու վերաբերյալ։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ SOCAR-ի և ամերիկյան Comstock ընկերության միջև ստորագրվել է առուվաճառքի վերջնական պայմանագիր, որը նախատեսում է, որ ադրբեջանական պետական նավթային ընկերությունը ձեռք կբերի հետևյալ բաժնեմասերը՝ առանց գործառնական գործունեության կառավարմանը մասնակցելու իրավունքի Legacy Haynesville նախագծի հետախուզման և արդյունահանման ակտիվներում՝ 20% բաժնեմաս, Western Haynesville նախագծի հետախուզման և արդյունահանման ակտիվներում՝ 15% բաժնեմաս, Pinnacle Gas Services LLC ընկերությունում՝ Comstock-ին պատկանող 73% բաժնեմասի 15%-ը։

Համաձայն պայմանագրի՝ գործարքի ընդհանուր արժեքը կազմում է 1,65 միլիարդ ԱՄՆ դոլար՝ հաշվի առնելով գնման գնի հնարավոր ստանդարտ ճշգրտումները։ Նշվում է, որ հինգ տարի անց, ինչպես նաև Western Haynesville նախագծի շրջանակում հետախուզման և արդյունահանման ակտիվներում ներդրված միջոցներից SOCAR-ի 15% եկամտաբերության ապահովումից հետո, ընկերության բաժնեմասն այդ ակտիվներում կնվազի մինչև 7,5%։

Գործարքի ուժի մեջ մտնելու ամսաթիվ է սահմանվել 2026 թվականի հուլիսի 1-ը։

Գործարքի ավարտի համար ներկայում իրականացվում են համապատասխան պետական մարմիններից անհրաժեշտ թույլտվություններ ստանալու գործընթացները, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված այլ իրավական ընթացակարգերը։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment