Կառավարությունը ներդնում է բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման և ուղղորդման նոր մեխանիզմ


ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հայաստանում կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ, ինչը կապահովի համապատասխան մարմիններ պաշտպանության կամ աջակցության տրամադրման նպատակով նրա ուղղորդման կարգի արդյունավետ իրականացումը։


Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության` հինգշաբթի կայացած նիստում։

Որոշմամբ նախատեսվում է սահմանել բռնության ենթարկված երեխային տրամադրվող աջակցության ձևերը և դրանց տրամադրման առանձնահատկությունները՝ հիմք ընդունելով «Սոցիալական աջակցության մասին» նոր օրենքը։

Ըստ այդմ, համապատասխան մարմինների և կազմակերպությունների աշխատողների ու ծառայողների համար կսահմանվի երեխայի նկատմամբ բռնության հնարավոր դեպքերը հայտնաբերելու նպատակով որոշակի գործողությունների պարտադիր իրականացում։

Մասնավորապես, նրանք պետք է ուշադրություն դարձնեն երեխաների վարքագծային, հուզական, ֆիզիկական կամ սոցիալական փոփոխություններին, ինչպես նաև այլ նախազգուշացնող նշաններին, որոնք հնարավորություն են տալիս ենթադրելու, որ երեխայի նկատմամբ կատարվել է բռնություն։

Ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերում, եթե ընտանիքում երեխա կա, նախատեսվում է զրույց վարել նրա հետ։ Բացի այդ, պարտադիր ուսուցումից դուրս մնացած երեխայի հետ կիրականացվեն բացատրական աշխատանքներ՝ կրթության իրավունքը չիրացնելու պատճառները պարզելու նպատակով։

Միևնույն ժամանակ այդ մարմիններն ու կազմակերպությունները, ինչպես նաև երեխաների հետ առնչվող մասնագետները պետք է իրենց իրավասությունների և մասնագիտական գործունեության շրջանակում ուշադրություն դարձնեն երեխայի նկատմամբ բռնության հնարավոր նշաններին։

Ըստ որոշման` երեխաների կարիքների նույնականացումը, գնահատումը և ուղղորդումը բազմամասնագիտական աշխատանք է, որը պահանջում է տարբեր մարմինների և ծառայությունների համագործակցություն։ Շատ կարևոր է նաև, որ այդ համատեղ աշխատանքը հիմնված լինի միասնական նպատակների և մոտեցումների վրա:


 

Leave a comment