Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանի խոսքով՝ ուժային կառույցների ներկայացուցիչների հետ փակ հանդիպմանը բացի իշխանականներից, մասնակցել են նաև ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորներ։ Գաբրիելյանի խոսքով՝ չեն մասնակցել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները։
«Առնվազն այն ընդդիմադիրները, որոնք մասնակցում էին հանդիպմանը, իրենց հարցադրումներին, կարծում եմ, սպառիչ պատասխաններ են տրվել»,- ասաց Գաբրիելյանը։
Անդրադառնալով Շաքիի դեպքի մանրամասներին՝ հանձնաժողովի նախագահն ասաց, որ քննարկման հիմնական թեման եղել է սահմանն անցնելու դեպքը, ինչպես նաև այն, թե ինչպես են գործել համակարգերը տեղեկությունը ստանալուց հետո։ Նրա խոսքով՝ իրավապահ մարմինները շարունակելու են իրենց աշխատանքը քրեական վարույթի շրջանակում։
Գաբրիելյանը նշեց, որ հանդիպման ընթացքում պատասխաններ են ստացել նաև տվյալ օրվա եղանակային պայմանների վերաբերյալ հարցերին։
«Իմ հարցադրումը եղել է հանրային իրազեկվածության մասով, թե որքանով է պատշաճ իրազեկված եղել տեղանքի բնակչությունը, և ստացել եմ սպառիչ պատասխան»,- ասաց հանձնաժողովի նախագահը։
Նշենք, որ այսօր Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել փակ ձևաչափով քննարկում 2026 թվականի հոկտեմբերի 1-ին Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի գյուղում տեղի ունեցած միջադեպի շուրջ:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ՀՀ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը:
Հիշեցնենք, որ ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը հոկտեմբերի 1-ին մտել էր Սյունիքի մարզի Շաքի գյուղի տներից մեկը, կրակել Անի Ավետիսյանի վրա: Կինը մինչև հիմա բուժհաստատությունում է: Կնոջն առաջինը հայտնաբերել էին իր երեխաները: Նասիմի Մուսաևը 2 ամսով կալանավորվել է, նա մեղադրվում է սահմանը ապօրինի հատելու, զենքի մաքսանենգության, զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու համար: Ադրբեջանում նրան մեղադրում են դասալքության համար:
Մանրամասները՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան