«Երևան City»–ի 4 տեսակի աղցաններում մանրէաբանական խախտումներ են հայտնաբերվել

Բաժանորդագրվել

Աղցանների արտադրությունը կասեցվել է։

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Երևանում կասեցվել է «Սիթի» ՍՊԸ-ի արտադրամասում 4 տեսակի աղցանների արտադրությունը՝ լաբորատոր փորձաքննությամբ մանրէաբանական նորմերի խախտումներ հայտնաբերելու պատճառով։ Այս մասին հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

Տեսչական մարմինը նշել է, որ խոսքը Սեբաստիայի փողոցի 143 հասցեում գտնվող արտադրամասում արտադրվող «Մայրաքաղաքային», «Կուսկուս», «Բրոկոլիով և պղպեղով» և «Հունական» աղցանների մասին է։

Ստուգման ընթացքում վերցված նմուշների փորձաքննությամբ պարզվել է, որ «Մայրաքաղաքային» և «Կուսկուս» աղցանները չեն համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված՝ մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէների, ինչպես նաև աղիքային ցուպիկի խմբի մանրէների ցուցանիշներին։

«Բրոկոլիով և պղպեղով» և «Հունական» աղցաններում անհամապատասխանություն է հայտնաբերվել աղիքային ցուպիկի խմբի մանրէների ցուցանիշով

Տեսչական մարմինը ընկերությանը հանձնարարել է վերացնել խախտումները և արտադրատեսակները համապատասխանեցնել օրենսդրության պահանջների` դրա համար ժամկետ սահմանելով։

Leave a comment