Հինգշաբթի առավոտյան Եվրոպայի տարբեր երկրներում ռումբի առկայության մասին ահազանգերի պատճառով ուղևորատար ինքնաթիռները հարկադրված են եղել արտակարգ վայրէջքներ կատարել։ Սա Եվրոպայում չվերթների դեմ ուղղված նմանատիպ սպառնալիքների հերթական դեպքն է, գրում է Reuters-ը։
Իռլանդական Aer Lingus ավիաընկերության EI402 չվերթը, որը Դուբլինից ուղևորվում էր Հռոմ, անվտանգության նկատառումներից ելնելով՝ ուղղվել է դեպի Փարիզից 100 կմ դեպի արևմուտք գտնվող «Էվրե» օդանավակայան, որտեղ բարեհաջող վայրէջք է կատարել։ Այս մասին հայտնել է ավիաընկերությունը։
Բելգիական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բրյուսելի «Զավենտեմ» օդանավակայանում հարկադիր վայրէջք կատարած մեկ այլ ինքնաթիռ պատկանել է լեհական LOT ավիաընկերությանը։
Հելսինկիից ժամանած Finnair ավիաընկերության ինքնաթիռը Իտալիայի ռազմաօդային ուժերի ուղեկցությամբ անվտանգ վայրէջք է կատարել Հռոմի օդանավակայանում։ Այս մասին հայտնել է միջադեպին մոտ կանգնած աղբյուրը։
Բուլղարիայի պաշտոնյաների հաղորդմամբ՝ ռումբի առկայության մասին ահազանգերի պատճառով երեք ինքնաթիռ արտակարգ վայրէջք է կատարել։
Բուլղարիայի ներքին գործերի նախարարը, ինչպես հաղորդում է bTV հեռուստաալիքը, հայտնել է, որ Կոպենհագենից և Մադրիդից ժամանած ինքնաթիռները վայրէջք են կատարել Սոֆիայում։ Երրորդ ինքնաթիռը, որը Լոնդոնից էր ուղևորվում, վայրէջք է կատարել Պլովդիվում, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
Երեքշաբթի օրը ռումբի առկայության մասին սպառնալիքներ էին ստացվել առնվազն յոթ ինքնաթիռի և մեկ զբոսաշրջային նավի վերաբերյալ, ինչը խաթարել էր Եվրոպայի մի շարք օդանավակայանների աշխատանքը։ Սակայն պայթուցիկ սարքեր չէին հայտնաբերվել։
Թեև սպառնալիքների համար որևէ երկիր պաշտոնապես պատասխանատվություն չի ստանձնել, դրանք հնչում են այն ժամանակ, երբ եվրոպացի պաշտոնյաները Ռուսաստանին և Իրանին մեղադրում են, իրենց բնորոշմամբ, «հիբրիդային հարձակումների» և դիվերսիոն գործողությունների իրականացման մեջ։ Մոսկվան և Թեհրանը հերքում են նման արշավ իրականացնելու մեղադրանքները։
Այս շաբաթ անհայտ հաքերները մի շարք եվրոպական երկրներում խափանել էին սուպերմարկետների սառնարանների աշխատանքը։ Որոշ փորձագետների կարծիքով՝ ռումբի մասին կեղծ ահազանգերը նույնպես կարող են լինել նմանատիպ գործողությունների մի մասը, որոնց նպատակն է նվազագույն ծախսերով և առանց պատասխանատվությունը ստանձնելու հնարավորության խափանումներ առաջացնել։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի