Վերջին տարիներին Չինաստանը մաքսատուրքերի ընդհանուր դրույքաչափը նվազեցրել է մինչև 7.3%, ինչը մոտ է զարգացած երկրների ցուցանիշին։ Այս մասին հայտարարել է Չինաստանի Պետական խորհրդի փոխվարչապետ Դին Սյուեսյանը։
«Չինաստանի՝ արտաքին աշխարհի համար բաց լինելու ընդլայնմանն ուղղված բազմաթիվ քաղաքական միջոցառումներ և նախաձեռնություններ առաջին անգամ հայտարարվել կամ մանրամասն ներկայացվել են CIIE-ի շրջանակում։ Դրանք արդեն ամբողջությամբ իրականացվել են և շոշափելի արդյունքներ տվել», – հայտարարել է Դին Սյուեսյանը՝ Ներմուծման միջազգային 9-րդ ցուցահանդեսի (CIIE) բացման արարողության ժամանակ։
Պեկինը հետևողականորեն օգտագործում է առևտրային խոչընդոտների նվազեցումը՝ արտաքին տնտեսական կապերն ընդլայնելու և արտասահմանյան կապիտալ ներգրավելու նպատակով։
Վերջին տարիներին Չինաստանն ընդլայնել է նաև օտարերկրյա ներդրողների համար հասանելի ոլորտների ցանկը և պարզեցրել ներմուծման պայմանները։ Միջազգային ընկերությունների համար սա լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում՝ մուտք գործելու աշխարհի խոշորագույն սպառողական շուկաներից մեկը։
Սակայն մաքսատուրքերի նվազեցումը տեղի է ունենում առաջատար տնտեսությունների միջև առևտրային հոսքերի և արտադրական ներդրումների համար շարունակվող մրցակցության պայմաններում։