2026 թվականի մայիսի 21-ին Գեղարքունիքի մարզում ընթացող ավտոմեքենայից դուրս նետված և մահացած 22-ամյա հղի կնոջ՝ Մարիաննա Բ․-ի գործով նախաքննությունն ավարտվել է։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ կնոջ ամուսնուն մեղադրանք է առաջադրվել ինքնասպանության հասցնելու, առևանգման, ֆիզիկական ներգործության և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու համար։
Ըստ նախաքննության՝ տղամարդը Ծափաթաղից Երևան ուղևորվելիս վիճաբանել է կնոջ հետ, հարվածել նրան և բռնի ուժով փորձել պահել ավտոմեքենայում։ Քննությամբ պարզվել է նաև, որ դեպքին նախորդող օրերին նա դաժան վերաբերմունք է ցուցաբերել հղի կնոջ նկատմամբ։ ՔԿ-ի տվյալներով՝ մայիսի 21-ին տղամարդը մեքենան վարել է ոչ սթափ վիճակում՝ չունենալով վարելու իրավունք։
Տղամարդը կալանավորված է։ Քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին։
Հիշեցնենք, որ մայիսի 21-ի երեկոյան ոստիկանությունը հաղորդում էր ստացել Սևան-Ծափաթաղ ճանապարհին մահացած կնոջ հայտնաբերման մասին։ Հետագայում պարզվել էր, որ 22-ամյա Մարիաննա Բ․-ն ամուսնու հետ վիճաբանության ընթացքում դուրս է նետվել ընթացող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայից։ Մայիսի 25-ին Քննչական կոմիտեից հայտնել էին, որ դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, և մեկ անձ կալանավորվել է։
Քննչական կոմիտեի հաղորդագրությունը՝ ստորև․
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է ամուսնու կողմից կնոջն ինքնասպանության հասցնելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2026 թվականի մայիսի 21-ին ավտոմեքենայով Ծափաթաղ բնակավայրից Երևան ուղևորվելու ճանապարհին ամուսինը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ հետ, հարվածներ հասցրել վերջինիս, ինչի հետևանքով կինը չի ցանկացել շարունակել ճանապարհը, իսկ ամուսինը նրան ֆիզիկական ներգործության ենթարկելով, այն է՝ հարվածներ հասցնելով, մազերից և ձեռքերից քաշելու եղանակով բռնություն գործադրելով, փորձել է նրան պահել ավտոմեքենայի մեջ և այդ կերպ առևանգել է վերջինիս:
Ամուսնու վերոնշյալ գործողությունների հետևանքով կինը Ծափաթաղ-Ծովագյուղ ավտոճանապարհի հատվածում ցանկանալով վերջ տալ կյանքին, բացել է ընթացքի մեջ գտնվող ավտոմեքենայի դուռը և դուրս նետել իրեն, ինչի հետևանքով մահացել է:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում նաև պարզվել է, որ ինքնասպանությանը նախորդող օրերին ամուսինը հոգեկան ուժեղ տառապանք է պատճառել իր հղի կնոջը, ինչը դրսևորվել է դաժան վերաբերմունքով և արժանապատվությունը նվաստացնելու եղանակով:
Բացի այդ, պարզվել է նաև, որ ամուսինը չունենալով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք՝ մայիսի 21-ին ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում։
Ամուսնու նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 8-րդ կետերով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը), 162-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (ինքնասպանության հասցնելը), 195-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերով (ֆիզիկական ներգործությունը), 191-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (մարդուն առևանգելը) և 344-րդ հոդվածի 2-րդ մասով (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը):
Նա կալանավորվել է:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: