4 կետն էլ Մարիա Զախարովան է գրել, ուղարկել. կասեն մեջքի պառկեք՝ կպառկեն, կասեն վազեք՝ կվազեն. Լևոն Շիրինյանը՝ ընդդիմությանը

4 կետն էլ Մարիա Զախարովան է գրել, ուղարկել. կասեն մեջքի պառկեք՝ կպառկեն, կասեն վազեք՝ կվազեն. Լևոն Շիրինյանը՝ ընդդիմությանը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Եթե ընդունենք, որ Հայաստանում ձևավորված հասարակության մի մասը գողապետական է, ուրեմն նորմալ է, որ պետության և իրավապահ մարմինների պայքարի պարագայում այդ գողականության շերտերը պետք է դիմադրեն և դիմադրում են: Տարօրինակն այն է, որ շատ համառ են դիմադրում և տեսնում են, որ իրավապահ համակարգը հատկապես վերջին շրջանում գրոհում է հենց մաֆիոզ կառույցների և նրանց պարագլուխների վրա»,-Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի ձերբակալությանն ու կալանավորմանը՝ ասաց «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Անդրադառնալով Կարապետյանի աջակիցների ոստիկանների դիմաց պարելով աջակցությանը՝ Շիրինյանը նշեց. «Այնպես են դհոլ-զուռնայով բանտ ուղեկցում, կարծես գնում են ծննդատուն դիմավորելու հրաշամանուկին: Զարմանում ես՝ ինչպիսի անկում ունի հասարակության այդ շերտը և ինչ ճահիճի մեջ ենք մենք խրված: Սա հասարակության մաֆիոզ հատվածի բարոյական անկման չափն է և դհոլ-զուռնան դրա արտացոլումն է: Այս պարագայում հասարակության արձագանքը մեկը պետք է լիներ՝ արդարադատությունը»:

Խոսելով Սամվել Կարապետյանի տանը հավաքված քաղաքական ուժերի ներկայացուցիչների և տարածած հայտարարության մասին՝ Լևոն Շիրինյանն ասաց. «Նրանք ընդդիմադիրներ չեն, կոլաբորացիոնիստներ են,  Հայաստանի ռուսականացած սեգմենտն է, այսինքն՝ այնպիսի ուժեր են, որոնք նախկին գաղութարարների հետ լայն համագործակցության մեջ են: Նրանց ծրագիրը Հայաստանի պետականության լիկվիդացիան է, որը Մոսկվայի ծրագիրն է: Ենթադրում եմ, որ այդ 4 կետն էլ Մարիա Զախարովան Մոսկվայում գրել ուղարկել է իրենց: Սա ռուսական ուժ է, որը ոչ մի գաղափարական, բարոյական, պատմական հենք չունի, նրանք ինչ կապ ունեն Հայաստանի հետ, իրենց կողոպտածն են պաշտպանում կյանքի գնով: Այդ կետերը պատրվակներ են, եթե Սահմանադրությունը չլիներ, խոսքը կլիներ կարմիր կովի և նրա կաշին փոխելու մասին»:

Ըստ Շիրինյանի՝ Եկեղեցու դեմ ոչ ոք չի գրոհում. «Եկեղեցում ծվարած ռուսական ազդեցության գործակալների մաքրման մասին է խոսքը, որն ունի հարյուրավոր տարիների պատմություն: Այնտեղ միայն Կտրիճ Ներսիսյանն էր պակասում»:

Հարցին, թե արդյոք հնարավոր է սկսեն փողոցային պայքար՝ Լևոն Շիրինյանը նկատեց. «Իրենք իրենց գլխի տերը չեն, իրենց գլխի տերը Մարիա Զախարովան է, այնտեղից ինչ հրաման կստանան, դա էլ կանեն, կասեն մեջքի պառկեք՝ կպառկեն, կասեն վազեք՝ կվազեն: Եթե իմանան, որ կարող են արդյունք գրանցել, հենց գիշերն էլ դուրս կգան փողոց, բայց հանրային պահանջ չկա և չեմ կարծում, որ կկարողանան զանգված հավաքել: Իրենք ամեն ինչի պատրաստ են, սա հայ բոլշևիզմն է: Բախումներ ԱԺ-ում չարեցի՞ն, պետական հեղաշրջման փորձ էր: Եթե ունենա դրսի հենարանի աջակցություն՝ կանեն, բայց մեկը լինի Ռուսաստանին փրկի»:

Leave a comment