Եթե ակնկալում եք` ես ստանձնեմ հանձնառություն, որ վթար չի լինի, իրատեսական չի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակություն

05.11.2026 | 15:51

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարծում, որ Հայաստանում հնարավոր է ստանձնել ճանապարհատրանսպորտային պատահարների լիակատար բացառման հանձնառություն։ Այս մասին նա ասել է Factor TV-ի հարցին ի պատասխան՝ անդրադառնալով ճանապարհներին տեղի ունեցող ողբերգական վթարներին և դրանց հետևանքով զոհերի մեծ թվին։

Factor TV-ն հարցրել է Ուշիի ոլորաններում, ինչպես նաև Երևան-Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած վթարների և զոհերի մեծ թվի մասին՝ նշելով, որ միայն այս տարվա առաջին 8 ամիսներին ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվել է 172 մարդ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զոհերի թիվը նվազել է ընդամենը 4-ով։

Փաշինյանի խոսքով՝ ավտովթարները համամարդկային խնդիր են, և դրանցից լիովին զերծ չէ որևէ երկիր։ Նա նշել է, որ կառավարությունն իրականացնում է ճանապարհային անվտանգության բարձրացմանն ուղղված միջոցառումներ՝ գծանշումներ, զգուշացնող տարրերի տեղադրում, վթարավտանգ՝ այսպես կոչված «սև կետերի» հայտնաբերում և դրանցում համապատասխան փոփոխություններ։

Վարչապետի համոզմամբ՝ վթարների զգալի մասում որոշիչ դեր ունի մարդկային գործոնը՝ վարորդների հոգնածությունը, ղեկին քնելը, ալկոհոլի օգտագործումը և այլ հանգամանքներ։ Նրա խոսքով՝ այս խնդիրները հնարավոր չէ ամբողջությամբ կանխել միայն օրենսդրական կարգավորումներով, հատկապես այն պայմաններում, երբ Հայաստանում շարունակաբար ավելանում է ավտոմեքենաների թիվը։

Որպես հնարավոր լուծում՝ Փաշինյանը նշել է ԱՄՆ-ում կիրառվող ալկոհոլի հայտնաբերման սարքերի օրինակը։ Դրանք տեղադրվում են այն վարորդների մեքենաներում, որոնք նախկինում խնդիրներ են ունեցել ալկոհոլի օգտագործման հետ, և թույլ չեն տալիս գործարկել մեքենան, եթե վարորդը սարքի միջոցով չի հաստատում, որ սթափ է։ Վարչապետի խոսքով՝ Հայաստանը ևս պետք է շարժվի նմանատիպ լուծումների ներդրման ուղղությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան

Leave a comment