Պետական մարմինները պետք է պարզաբանում տան, թե ինչ է տեղի ունեցել․ Փաշինյանը` կաթնամթերքի փորձաքննության արդյունքների մասին

Ըստ վարչապետի՝ սննդամթերքի՝ պատկերացրած ստանդարտներին չհամապատասխանելը դեռ չի նշանակում, որ այն վտանգավոր է մարդու առողջության համար


ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Կաթնամթերքի անկախ փորձաքննության արդյունքների վերաբերյալ պետական մարմինները պետք է պարզաբանում տան, թե ինչ է տեղի ունեցել, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախաձեռնած հետազոտությանը, որի ընթացքում 11 արտադրողի կաթնամթերքի նմուշներում հայտնաբերվել էին մանրէաբանական շեղումներ։

Վարչապետը հանձնարարել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին կարճ տեղեկանքով պարզաբանել դեպքը։

«Նշված կաթնամթերքներից էլ եմ օգտագործել վերջին 2 օրերին։ Դե ի՞նչ անեմ, ո՞նց մեր ժողովուրդը, նենց էլ ես։ Մտահոգվելու ի՞նչ կա»,- ասել է Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ։

Միաժամանակ վարչապետը նշել է, որ անհրաժեշտ է գնահատել վտանգավորության աստիճանը։


«Ես հիմա դժվար եմ պատկերացնում, որ այդ դեպքը նշանակի, որ այդ ապրանքատեսակները մարդու առողջության համար վտանգ են ներկայացնում, շոշափելի, էական կամ առարկայական վտանգ են ներկայացնում, և այդ ապրանքատեսակները շարունակեն վաճառվել Հայաստանի Հանրապետության վաճառասեղաններում», – ընդգծել է Փաշինյանը։

Ըստ վարչապետի՝ սննդամթերքի՝ պատկերացրած ստանդարտներին չհամապատասխանելը դեռ չի նշանակում, որ այն վտանգավոր է մարդու առողջության համար։

Նա նաև հավելել է, որ հարցին պետք է արձագանքեն համապատասխան պետական մարմինները, այդ թվում՝ Առողջապահության նախարարությունը։

Նշենք, որ «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ուսումնասիրվել են 11 կաթնամթերք արտադրող ընկերությունների արտադրանքի նմուշներ։ Հետազոտության արդյունքներով՝ մի շարք նմուշներում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, խմորասնկեր և այլ մանրէաբանական շեղումներ։

Leave a comment