Երևանում 793 մլն դրամ գնահատված մանկապարտեզը գրավադրվել է ընդամենը 50 մլն դրամով․ Դատախազությունը դիմել է դատարան

Երևանի Մամիկոնյանց փողոցի 17 հասցեում գտնվող մանկապարտեզի սեփականաշնորհման և հետագա օտարման գործընթացում Դատախազությունը հնարավոր խախտումներ է հայտնաբերել։ Ըստ գերատեսչության՝ 2004 թվականին մանկապարտեզը 75,3 հազար դոլարին համարժեք դրամով վաճառվել է «Ալյումտեք» ընկերությանը, իսկ 2018 թվականին 793,4 մլն դրամ շուկայական արժեքով գնահատված գույքը գրավադրվել է բանկում՝ 50 մլն դրամի դիմաց։

Դատախազությունը պահանջում է առ ոչինչ ճանաչել մանկապարտեզի նկատմամբ «Կանազ» ընկերության սեփականության իրավունքի՝ 2003 թվականի պետական գրանցումը և դրան հաջորդած գործարքներն ու գրանցումները։ Հայցն ընդունվել է վարույթ։ Միաժամանակ պաշտոնեական լիազորությունների հնարավոր չարաշահման և պաշտոնեական կեղծիքի դեպքերով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գլխավոր դատախազության հաղորդագրությունը՝ ստորև․

«Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունը, պետական շահերի պաշտպանության լիազորությունների շրջանակում ուսումնասիրելով Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի 17 հասցեում գտնվող մանկապարտեզի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման և հետագա օտարման գործընթացը, պարզել է, որ այդ գործընթացում առկա են օրենսդրության պահանջների խախտումների վերաբերյալ տվյալներ։

Մասնավորապես՝ 2003 թվականի հունիսի 25-ին մանկապարտեզի նկատմամբ գրանցվել է «Կանազ» ԲԲ ընկերության սեփականության իրավունքը՝ Երևանի քաղաքապետի որոշման, հողի վարձակալության պայմանագրի և հաշվեկշռային տեղեկանքի հիման վրա։ 2004 թվականի մայիսի 25-ին «Կանազ» ԲԲ ընկերության լուծարային հանձնաժողովի կողմից մանկապարտեզն օտարվել է «Ալյումտեք» ՓԲ ընկերությանը՝ 75 հազար 300 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով։

Հետագայում անշարժ գույքի նկատմամբ «Ալյումտեք» ՓԲ ընկերության սեփականության իրավունքը պետական գրանցում է ստացել, իսկ 2018 թվականի հոկտեմբերի 18-ին գույքը, որի շուկայական արժեքը 2018 թվականի հոկտեմբերի 3-ին գնահատվել էր 793 միլիոն 400 հազար դրամ, 50 միլիոն դրամի դիմաց գրավադրվել է ՀՀ-ում գործող բանկերից մեկում։

Դատախազության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքներով՝ ներկայացվել է հանցանքի մասին հաղորդում, որի հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ պաշտոնատար անձանց կողմից հնարավոր պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ։

Միաժամանակ, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունը հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով առ ոչինչ ճանաչել մանկապարտեզի նկատմամբ «Կանազ» ԲԲ ընկերության սեփականության իրավունքի՝ 2003 թվականի հունիսի 25-ի պետական գրանցումը, ինչպես նաև դրա հիման վրա իրականացված հետագա գործարքներն ու պետական գրանցումները։

Վարչական դատարանը Դատախազությանը հայցը 2026 թվականի օգոստոսի 10-ին ընդունել է վարույթ»։

Leave a comment