Քաղաքականություն
05.11.2026 | 14:35
Ռումբի սպառնալիքի պատճառով Airbus A320 ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Փարիզից արևմուտք գտնվող Էվրեի ռազմաօդային բազայում։ Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիեն Լըկորնյուի գրասենյակը հայտնել է միջադեպի մասին՝ նշելով, որ իրավիճակը վերահսկվում է «իրական ժամանակում», գրում է DW-ն։
Ինքնաթիռը Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինից ուղևորվում էր դեպի Իտալիայի մայրաքաղաք Հռոմ։
Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ այս շաբաթ Եվրոպայում մի շարք ինքնաթիռներ ռումբի մասին ահազանգերի պատճառով ստիպված էին եղել արտակարգ վայրէջքներ կատարել։
Թռիչքների հետագծմանը հետևող կայքերի տվյալներով՝ Aer Lingus ավիաընկերության Airbus A320 ինքնաթիռը կտրուկ փոխել է ուղղությունը՝ Փարիզի օդային տարածքին մոտենալիս, և ուղևորվել դեպի Էվրեի՝ ավելի մեկուսի օդանավակայան։
Ֆրանսիայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ միջադեպի մասին տեղեկանալուն պես օդ են բարձրացրել ռազմական ինքնաթիռներ։
Ավելի ուշ Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիեն Լըկորնյուի գրասենյակը հաստատել է, որ Aer Lingus ավիաընկերության ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել օդանավակայանում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի