Վարորդական իրավունքների հետ կապված մեր պահանջները գնալով ավելի խիստ ենք դարձնում․ Փաշինյան

Նրա խոսքով՝ վարորդական իրավունքների հետ կապված պահանջների խստացման հարցում կարևոր է բովանդակային մոտեցումը


ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հայաստանում վարորդական իրավունք ստանալու պահանջները գնալով ավելի են խստացվում, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ճանապարհային երթևեկության անվտանգության և գիշերային ժամերին տեղի ունեցող վթարների վերաբերյալ լրագրողի հարցին։


«Մենք շարունակական աշխատանքներ ենք իրականացնելու ճանապարհային երթևեկության կանոնները, անվտանգությունը բարձրացնելու համար։ Ի միջի այլոց, ասեմ նաև, որ հենց այս խնդրի հետ է կապվում նաև այն, որ մենք վարորդական իրավունքների հետ կապված մեր պահանջները գնալով ավելի խիստ ենք դարձնում», – ասել է Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ։


Նրա խոսքով՝ վարորդական իրավունքների հետ կապված պահանջների խստացման հարցում կարևոր է բովանդակային մոտեցումը։


«Պետք է գնանք այդ ուղղությամբ բովանդակային և ոչ թե ձևական առումով։ Ձևական առումները երբեմն այդքան էլ էական չեն, բայց բովանդակային առումները շատ կարևոր են», – ասել է նա։


Փաշինյանն անդրադարձել է նաև միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների արտաքին լուսավորության ապահովման հարցին։


«Լուսավորության պլան մենք ունենք Երևան-Դիլիջան ճանապարհի հետ կապված, մնացածը՝ Հյուսիս-հարավը, Աշտարակ-Գյումրին, Երևան-Գյումրին որոշ տեղերում լուսավորված է, և դա, թերևս, միջազգային ստանդարտն է», – նշել է վարչապետը։


 

Leave a comment