Հայ անվանի բանաստեղծ, հասարակական և քաղաքական գործիչ Վահան Տերյանի ծննդյան 140-րդ տարեդարձի կապակցությամբ նկարահանվող խաղարկային-վավերագրական ֆիլմի ավարտական աշխատանքների համար պետական բյուջեից կտրամադրվի 30 միլիոն դրամ։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության նոյեմբերի 5-ի նիստում։
Նախաձեռնությունը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Նախագծով նախատեսվում է ժամանակակից տեխնոլոգիական լուծումների կիրառմամբ էկրանավորել Տերյանի կյանքի տարբեր ժամանակահատվածներն ու կարևոր իրադարձությունները, հայտնում է Sputnik Արմենիան:
Ֆիլմի միջոցով հեղինակները նպատակ ունեն ներկայացնելու բանաստեղծի կենսագրության ուշագրավ դրվագները, նրա հասարակական, քաղաքական և ստեղծագործական բացառիկ գործունեությունը։ Միաժամանակ նախատեսվում է անդրադառնալ հայ գրականության և պատմության այնպիսի իրադարձությունների ու փաստերի, որոնք մինչ այժմ լայն հանրությանը քիչ են հայտնի կամ բավարար չափով ուսումնասիրված չեն։
ԿԳՄՍ նախարարությունում կարևորել են նախաձեռնության մշակութային նշանակությունը՝ ընդգծելով, որ այն հնարավորություն կտա առավել ամբողջական պատկերացում կազմելու մեծանուն գրողի կյանքի և թողած ժառանգության մասին։
«Այս նախաձեռնությամբ առաջին անգամ փորձ է արվում լայն կտավի ստեղծագործություն ունենալ մեծանուն հայ պոետի մասին, որը հնարավորություն կստեղծի պահպանել, արժևորել և սերունդներին փոխանցել Վահան Տերյանի ժառանգությունը»,– նշել են նախարարությունից:
Ֆիլմի նկարահանման աշխատանքներն ընդգրկում են մի քանի երկիր։ Նախատեսված են նկարահանումներ Հայաստանում, ինչպես նաև Վրաստանում, որտեղ գտնվում է Վահան Տերյանի ծննդավայրը։
Միաժամանակ սցենարական մտահղացումն ամբողջությամբ իրականացնելու և անհրաժեշտ տեսանյութն ապահովելու համար առաջացել է նկարահանումները Ռուսաստանի Դաշնությունում շարունակելու անհրաժեշտություն։ Մասնավորապես, նախատեսվում է աշխատանքներ իրականացնել Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և Օրենբուրգում։
Նախագծի իրականացման համար մինչ այժմ արդեն ծախսվել է 25 միլիոն 972․5 հազար դրամ։ Կառավարության կողմից հատկացվող լրացուցիչ 30 միլիոն դրամը նախատեսված է ֆիլմի ստեղծման մնացած աշխատանքներն ավարտին հասցնելու համար։Վահան Տերյանի կյանքին և գործունեությանը նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի վերջնական հանձնումը նախատեսվում է 2027 թվականին։