Էրդողանը պատահական չի ընտրել Բաքու այցելելու և Ալիևի հետ ճգնաժամը կարգավորելու օրը

Բաժանորդագրվել

Թուրքիայի ղեկավարը մտադիր է դա անել հենց նոյեմբերի 8-ին, որպեսզի նշի Արցախում 2020 թվականի պատերազմում Ադրբեջանի «Հաղթանակի օրը»:

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է այցելել Ադրբեջան նոյեմբերի 8-ին՝ Հաղթանակի օրը, ընդգծելով երկու երկրների միջև հարաբերությունների հատուկ բնույթը՝ երկկողմ կապերում ճգնաժամի մասին գնահատականների ֆոնին:

«Ակնկալում եմ այցելել Ադրբեջան նոյեմբերի 8-ին, եթե արտակարգ հանգամանքներ չառաջանան: Ուղևորությունը կարող է հնարավորություն դառնալ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համար»,- լրագրողներին ասել է նա ինքնաթիռում՝ Հարավային Կորեայից վերադառնալիս:

Պատասխանելով Բաքվի հետ հարաբերությունների վիճակի մասին հարցին՝ Էրդողանը նշել է, որ «Թուրքիայի և Ադրբեջանի եղբայրությունը» չունի այնպիսի խոչընդոտներ, որոնք չի կարող հաղթահարել:

Էրդողանը նշել է, որ արդեն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Բացի այդ, նրա խոսքով, Բաքու են ուղևորվել Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավարը և արտաքին գործերի նախարարը: Թուրքիայի նախագահը հայտնել է նաև բարձր մակարդակով դիվանագիտական շփումների շարունակման մասին, ներառյալ Ալիևի հետ հեռախոսազրույցները, ինչպես նաև առաջին տիկինների միջև շփումները:

Վերջին ամիսներին Անկարայի և Բաքվի հարաբերություններում տարաձայնություններ են առաջացել մի շարք հարցերի շուրջ: Սեպտեմբերին Ադրբեջանի կառավարությունը փոփոխություններ է մտցրել պետական դպրոցների աշակերտների արտաքին տեսքը կարգավորող կանոններում: Նոր նորմերն արգելում են հագուստի տարրերը, որոնք խախտում են դպրոցական համազգեստի միասնական ստանդարտը կամ չեն համապատասխանում կրթության աշխարհիկ բնույթին:

Որոշումը քննադատություն է առաջացրել Թուրքիայում, այդ թվում՝ բարձր քաղաքական մակարդակով: Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ջեյհուն Մամեդովը լրագրողներին պարզաբանել է, որ բարեփոխումն ուղղված է ուսումնական հաստատություններում կրոնական, էթնիկ և սոցիալ-տնտեսական տարբերությունների բացառմանը: Թեև «հիջաբ» բառը փաստաթղթում չի հիշատակվում, փոփոխությունները վերաբերել են նաև հիջաբ կրելուն:

Ավելի ուշ Ադրբեջանի ԱԳՆ-ն Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում՝ հանրապետությունում բռնի իշխանախության կոչերի համար: Դրանից առաջ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում էր հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացիների նկատմամբ՝ կրկին բռնի իշխանափոխության կոչերի համար։

Leave a comment