Հանրային պահանջը՝ որպես քաղաքական սուբյեկտայնության հիմք․ Վլադիմիր Արզումանյանի անդրադարձը 12 կուսակցությունների հայտարարությանը

Հասարակական-քաղաքական գործիչ Վլադիմիր Արզումանյանը ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել ուշագրավ վերլուծությամբ՝ անդրադառնալով 12 քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանը և ընդգծելով, որ փաստաթղթի հիմքում ընկած է հասարակության իրական պահանջը։ Ստորև ներկայացնում ենք Վլադիմիր Արզումանյանի գրառումն ամբողջությամբ․

«12 կուսակցությունների հայտարարության և ստորագրությունների տակ կա նաև մեկ այլ՝ շատ ավելի մեծ ստորագրություն։

Դա ձեր ստորագրությունն է։ Ձեր՝ Հայաստանի գիտակից, պահանջատեր, պատվախնդիր ընդդիմադիր հասարակության օրակարգն ու ստորագրությունը։

Եվ այսօր իմ առանձնահատուկ շնորհակալությունը հենց ձեզ է։

12 քաղաքական ուժերի համատեղ հայտարարությունը միջկուսակցական համաձայնության արդյունք չէ։ Այն ձեր հետևողականության, ձեր քաղաքական առաջնահերթությունների և հանրային գերակայությունների պահանջի արտահայտությունն է։ Դուք ձևավորել եք այդ սկզբունքային հայատարարության անհրաժեշտությունը։ Եվ ամենակարևորը՝ դուք հետևողականորեն պաշտպանել եք այն չորս հիմնարար սկզբունքները, որոնք այսօր դարձել են ընդհանուր ընդդիմադիր քաղաքական օրակարգ.

1. Հայաստանի ինքնիշխանություն. ո՛չ՝ Ադրբեջանի պահանջով Սահմանադրության փոփոխության պարտադրանքին։

2. Արժանապատիվ խաղաղություն՝ առանց միակողմանի զիջումների և տարածքային կորուստների։

3. Ազգային ինքնության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանություն։

4. Ժողովրդավարական ազատությունների և քաղաքացիական իրավունքների վերականգնում։

Սրանք պարզապես քաղաքական հայտարարության չորս կետեր չեն։ Սրանք այն սկզբունքներն են, որոնց շուրջ ընդդիմադիր հասարակությունը ժամանակով ձևավորել է իր գործողությունները, պահանջներն ու քաղաքական առաջնահերթությունները։

Կուսակցությունները կարողացան ընդհանուր հայտարարի գալ նաև այն պատճառով, որ ընդդիմադիր հասարակության մեջ այդ սկզբունքային ընդհանրությունն արդեն ձևավորվել էր։

Եվ սա քաղաքականապես շատ կարևոր հանգամանք է։

Դուք պարզապես դժգոհ ընտրազանգված չէք։ Դուք քաղաքական կամք ունեցող, օրակարգ ձևավորելու և իր ներկայացուցիչներից պատասխանատվություն պահանջելու կարողությամբ օժտված հասարակություն եք։

Արժանի է գնահատանքի նաև ընդդիմադիր կուսակցությունների՝ տարաձայնություններից վեր կանգնելու և այդ հանրային պահանջին քաղաքական համաձայնությամբ արձագանքելու կարողությունը։

Բայց այս գործընթացի ամենակարևոր հանգամանքներից մեկը հենց ընդդիմադիր հասարակության քաղաքական սուբյեկտայնության դրսևորումն է։

Ուզում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրն այս հայտարարության մեջ տեսնի նաև իր հետևողականության, իր սկզբունքներին հավատարիմ մնալու և իր քաղաքական պահանջների արդյունքը։

Հ.Գ. Հայտարարությունը կարելի է ստորագրել մեկ օրում, իսկ սկզբունքներին հավատարիմ, քաղաքականապես հասուն հասարակությունը ձևավորվում է տարիների ընթացքում։

Դուք ուժ եք։ Ոչ թե որևէ կուսակցության հետևում կանգնած, այլ սկզբունքների շուրջ համախմբված, գիտակից և պահանջատեր ուժ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment