Հասարակություն
05.11.2026 | 13:02
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է փաստաբանի կողմից գողության փորձ կատարելու դեպքի վերաբերյալ իրականացվող քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
«Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանը 2026 թվականի հոկտեմբերի 22-ին, մասնակցելով ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով Երևան քաղաքի Քըրք Քըրքորյան 25 հասցեում գտնվող, նախկին «Չերրի» հյուրանոցային համալիրի վարչական շենքում կատարվող խուզարկությանը, օգտվելով քննչական գործողություն կատարող անձանց զբաղվածությունից, գաղտնի հափշտակել է իր վստահորդ՝ օտարերկրացի Ֆ.Չ.-ի պայուսակում գտնվող, խոշոր չափերով՝ 820 հզր ՀՀ դրամը: Սակայն, փաստաբանն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել հանցանքն ավարտին հասցնել, քանի որ տեղում խուզարկություն կատարող քննիչների կողմից ենթարկվել է անձնական խուզարկության, որի արդյունքում հափշտակված 820 հզր ՀՀ դրամը հայտնաբերվել և վերցվել է:
Փաստաբանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-254-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (խոշոր չափերով գողության փորձը):
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- հայտնում են Քննչական կոմիտեից։
Նշենք, որ ավելի վաղ Factor TV-ն անդրադարձել էր դեպքին։
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ մեղադրանքը չի ընդունում։
Արաքս Մամուլյան