Մարդուն թոշակառու պիտակը կպցնելով՝ նպաստում ենք նրա տնտեսական ապաակտիվացմանը. Փաշինյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Լավ լուրն այն է, որ 21-րդ դարում 63 տարեկանը մեծ թիվ չի, այսինքն՝ 63 տարեկան մարդը ծեր չի, 64-ն էլ, 65-ն էլ, 70-նն էլ, դա երևում է նաև մեր կյանքի միջին տևողության սպասումներից»,-Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ Փաշինյանի՝ այս տարիքի հայրենակիցները ոչ միայն ծեր չեն, այլև ունեն տնտեսական պոտենցիալ. «Շատ դեպքերում մարդուն թոշակառու պիտակը կպցնելով՝ նպաստում ենք նրա տնտեսական ապաակտիվացմանը: 63 տարեկան և իմ նշած տարիքի մարդկանց համար դեռ կյանք կա ապրելու և պետք է այդ կյանքը կազմակերպել հնարավորինս հագեցած և բովանդակային տրամաբանությամբ: Կա ձևակերպում՝ չունեն գործարար հմտություններ, սա ճիշտ ձևակերպում չէ, կարող է ունեն գործարար հմտություններ, բայց այնքան են ասել՝ դուք թոշակառու եք, չունեն այլևս գործարարությամբ զբաղվելու ցանկություն: 65 տարեկան մարդը ոնց էլ լինի կյանքում այնքան բանի միջով անցած կլինի, որ գոնե ինչ-որ հմտություններ ձեռք բերած կլինի: Մեր խնդիրն այն է, որ աջակցենք, քաջալերենք, որ նրանք մարզվեն ու դուրս գան մրցասպարեզ: Այս միտումն աշխարհում լայնորեն տարածված է: Մենք այնպես չի անսովոր երևույթի մասին ենք խոսում, պարզապես ուզում ենք քաջալերել, որ այդ տնտեսական պոտենցիալն արտահայտվի և դրա համար աջակցության ծրագիր ենք ընդունում»:
Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ 100 հազարից ավել կենսաթոշակառու ունենք, որ ակտիվ աշխատանքային գործընթացի մեջ են, պարզապես վարձու աշխատող են:
Փաշինյանն էլ հավելեց, որ 65+ տարիքի անձանց դեպքում նաև առողջապահության ապահովագրության համակարգը լրացուցիչ ներդրում է նշված տարիքային խմբի քաղաքացիների այդ թվում՝ տնտեսական ակտիվության համար: