Չնայած ամբողջ առաջընթացին ու դրական դինամիկային` Հայաստան-Թուրքիա սահմանը շարունակում է մնալ փակ. Միրզոյան

Չնայած ամբողջ առաջընթացին ու դրական դինամիկային` Հայաստան-Թուրքիա սահմանը շարունակում է մնալ փակ. Միրզոյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Թուրքիայի հետ Հայաստանի երկխոսությունը բավականին ակտիվ է ու արդյունավետ: Այս մասին Ազգային ժողովում 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկման շրջանակում, հայտարարեց ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին։

«Առանձին համագործակցության դրսևորումներ են եղել և կշարունակվեն, ինչպիսիք են, օրինակ, ուսանողների համար կրթաթոշակները, Անիի պատմական կամրջի համատեղ վերանորոգումը, Հայաստան-Թուրքիա գործարար համաժողովները։ Այդպիսի մի համաժողով եղավ Կարսում ամռանը, և ահա դրա մյուս փուլը լինելու է Հայաստան-Թուրքիա գործարար համաժողովը Հայաստանում։ Կարծեմ՝ մյուս տարվա սկզբին արդեն կկարողանանք դա անել»,— ասաց Միրզոյանը:

Նա նշեց, որ մեծ հետաքրքրություն է եղել առաջին համաժողովի դեպքում, և վստահություն հայտնելով, որ երկրորդի դեպքում էլ այդպես կլինի թե՛ հայաստանցի, թե՛ Թուրքիայի գործարարների կողմից։

ԱԳՄԱ նախարարն այս համատեքստում հիշեցրեց, որ նախկինում Հայաստան- Թուրքիա ապրանքների ներմուծում-արտահանումը իրականացվում էր երրորդ երկրների միջոցով, և ահա այդ խոչընդոտն ընթացիկ տարում վերացվել է։

«Այժմ դա մաքսային իմաստով ուղիղ է, իհարկե, աշխարհագրորեն դեռևս երրորդ երկրի՝ Վրաստանի տարածքով է տեղի ունենում»,- պարզաբանեց նա։

Միրզոյանի խոսքով՝ չնայած ամբողջ առաջընթացին ու առկա դրական դինամիկային ու բովանդակությանը՝ այս պահին Հայաստան-Թուրքիա սահմանը շարունակում է մնալ փակ: Նա միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ կողմերը բազմաթիվ հարցերի վերաբերյալ ունեն լավ փոխըմբռնում, և ցանկացած պահի կարող ենք ունենալ Հայաստան-Թուրքիա սահմանների բացում և Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների հաստատում։

Leave a comment