Նոյեմբերի 4-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ, քննարկել երկկողմ հարաբերություններն ու TRIPP նախագիծը։
ՔՊ-ից հանդիպմանը մասնակցել են խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը, խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը, ինչպես նաև պատգամավորներ Էդուարդ Աղաջանյանը, Ծովինար Վարդանյանը և Մարիամ Պողոսյանը։
Հանդիպման մասնակիցները կարևորել են Հայաստանի Ազգային ժողովի կողմից օրեր առաջ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացումը։
Ընդգծվել է TRIPP նախագծի տնտեսական և աշխարհաքաղաքական առանցքային նշանակությունը տարածաշրջանային խաղաղության և ենթակառուցվածքների ապաշրջափակման տեսանկյունից, քննարկվել դրա իրագործման ընթացքին առնչվող հարցեր։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա զարգացման առաջնահերթություններին։ Նշվել է, որ վերջին տարիներին երկու երկրների համագործակցության օրակարգն էապես ընդլայնվել է՝ հասնելով որակապես նոր մակարդակի։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև միջխորհրդարանական համագործակցությունն առավել խորացնելու և արդեն ձևավորված փոխգործակցության կապերն ամրապնդելու հնարավորությունների վերաբերյալ։ Այս առումով առանձնակի կարևորություն է տրվել փոխադարձ այցելությունների կազմակերպմանը և փորձի փոխանակման շարունակական ապահովմանը։
Քննարկման առանձին թեմա է դարձել տարածաշրջանային կայունության ամրապնդման և խաղաղության հաստատման գործընթացում Միացյալ Նահանգների ունեցած դերակատարությունը։
Հոկտեմբերի 28-ին Հայաստանի Ազգային ժողովը վավերացրել է ՀՀ և ԱՄՆ միջև TRIPP նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը։