Հեռավոր երկրները ևս շահագրգռված են լինելու մեզ մոտ խաղաղության պահպանմամբ․ Միրզոյան

Բաժանորդագրվել

ՀՀ ԱԳՄԱ նախարարը նշեց, որ շուտով արդեն ավարտին կհասնի TRIPP-ի իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթային գործընթացը։

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը վստահ է, որ TRIPP-ում և մյուս ծրագրերում հետզհետե նաև Հայաստանի տարածքը կօգտագործվի ադրբեջանական բեռների անցման համար։ Այդ մասին նա ասաց այսօր ԱԺ-ում 2027թ․ պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ՝ ներկայացնելով 2026թ․ կատարված աշխատանքները և գալիք տարվա համար նախանշված առաջնահերթությունները։

«Մեր հանձնառությունն է րոպե առաջ հնարավոր դարձնել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը, ապա նաև վավարեցումը։ Մինչ այս ֆիզիկապես հնարավոր դառնալը մենք շարունակելու ենք խաղաղությունից բխող և խաղաղությունն էլ ավելի ամրապնդող մի շարք քայլերի և համագործակցության ուժեղացումը, ընդլայնումը, ինչպիսիք են, օրինակ, երկկողմ առևտուրը, այս դեպքում առայժմ դեռ միայն Ադրբեջանի կողմից իր տարածքի բացումը Հայաստան եկող և Հայաստանից գնացող բեռների համար»,- նշեց ՀՀ ԱԳՄԱ նախարարը։

Միրզոյանը հիշեցրեց, որ օրեր առաջ խորհրդարանը վավերացրեց TRIPP համաձայնագիրը, շուտով կստորագրվի TRIPP զարգացման ընկերության բաժնետերերի միջև համաձայնագիրն ու կանոնադրությունը, որով արդեն կարելի է ավարտված համարել փաստաթղթային գործընթացը, արդեն հնարավոր կլինի անցնել աշխատանքների մեկնարկին։

Նա հավելեց, որ այս նախագծի արդյունքում Հայաստանի հյուսիսն ու հարավը կկապվեն Նախիջևանի տարածքով, երկաթուղու միջոցով Հայաստանը կկարողանա առևտուր իրականացնել Ադրբեջանի հետ, ինչպես նաև ապրանքներ կգնի ու կվաճառի երրորդ երկրներին։ Նախարարն ընդգծեց, որ հայելային կերպով նույն հնարավորությունները կլինեն Ադրբեջանի համար, բացի այդ երրորդ երկրներն էլ Հայաստանի և Ադրբեջանի տարածքով կկապվեն երրորդ երկրների հետ։

Ըստ նրա՝ սա նշանակում է, որ ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, անմիջական հարևանները, այլև շատ ավելի հեռու գտնվող երկրները շահագրգռված են լինելու մեր տարածաշրջանում խաղաղության, կայունության պահպանմամբ։

Leave a comment