Մեծ Բրիտանիան մաքսային արտոնություններ է տրամադրել հայկական ապրանքներին (PAN.am)

Միացյալ Թագավորությունը հայկական արտադրության ապրանքների համար ինքնավար առևտրային արտոնյալ միջոցներ է կիրառել, հայտնում է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը:

Նշվում է, որ որոշումը համահունչ է Հայաստան-Միացյալ Թագավորություն ռազմավարական գործընկերությանը և նպատակ ումի նպաստելու հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնմանը և երկկողմ տնտեսական համագործակցության խորացմանը։

Արտոնյալ՝ զրոյական մաքսատուրքով արտահանման հնարավորություններից օգտվող ապրանքատեսակների ցանկում ներառված են՝ թարմ մրգեր՝ ծիրան, խաղող, դեղձ, նեկտարին, խնձոր և տանձ, չորամրգեր՝ չամիչ, կանաչեղեն և համեմունքներ՝ ռեհան, անանուխ, օրեգանո, խնկունի, եղեսպակ, ուրց, դափնու տերև, զաֆրան, կոճապղպեղ և այլ համեմունքներ, խմիչքներ՝ գարեջուր, կոնյակ և բրենդի։

«Համապատասխան ապրանքների ցանկը Բրիտանական կողմից տրամադրված՝ արտահանման համար օգտակար տեղեկատվությունը՝ ներառյալ հնարավոր ներմուծող գործընկեր ասոցացիաների վերաբերյալ, հասանելի է հետևյալ հղումով»,-ասվում է հաղորդագրության մեջ:

«Ռոսսելխոզնադզորը» հունիսի 2-ից ժամանակավոր սահմանափակումներ է կիրառել Հայաստանից բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծման նկատմամբ։ Դրանից առաջ սահմանափակումներ են կիրառվել նաև Հայաստանից արտահանվող մի շարք բանջարեղենային մշակաբույսերի նկատմամբ։ Ռուսաստանը նաև արգելել է հայկական «Ջերմուկ» հանքային ջրերի, ծաղիկների, ձկնամթերքի և որոշ ալկոհոլային խմիչքների ներմուծումը։

Leave a comment