Երևանում երեխային կոնֆետ են հյուրասիրել, հետո կաթ է խմել սարքից և անգիտակից տեղափոխվել ԲԿ․ Ոստիկանությունը ստուգում է

ՆԳՆ Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի աշխատակիցները ստուգողական միջոցառումներ են ձեռնարկում՝ պարզելու, թե ինչ հանգամանքներում է վատացել Երևանում անչափահասի ինքնազգացողությունը, որն անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ Այդ մասին տեղեկացրել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։

«Նշված անչափահասին հյուրասիրել են կոնֆետ, ապա նա սրճեփ սարքից խմել է կաթ, ինչից հետո վատացել է ինքնազգացողությունը:

ՆԳՆ Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներն իրականացնում են ստուգողական միջոցառումներ՝ անչափահասի ինքնազգացողության վատանալու պատճառը պարզելու ուղղությամբ»,- նշել են ոստիկանությունից։

Ավելի վաղ Shamshyan.com-ը տեղեկացրել էր, որ նոյեմբերի 3-ին Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ թաղապետարանի հարակից տարածքում, արտասովոր միջադեպ է արձանագրվել։ 11-ամյա տղային անգիտակից վիճակում տեղափոխել են բժշկական հաստատություն։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ երեխային Մալաթիայի թաղապետարանի հարևանությամբ գտնվող այգում կոնֆետ են հյուրասիրել։

Անչափահասի մայրը՝ Գայանե Մաթևոսյանը, հայտնել է, որ ընտանիքին դեռևս հայտնի չեն կատարվածի բոլոր մանրամասները, քանի որ երեխան այդ պահին անգիտակից է եղել, իսկ այժմ էլ կատարվածը չի հիշում և չի կարողանում պատմել, թե ինչ է տեղի ունեցել։
«Ընկերների պատմելով՝ դեպքից առաջ տղաս եկել և իրենց ասել է, որ իրեն կոնֆետ են հյուրասիրել, որն իր խոսքով՝ շատ համեղ է եղել։ Դրանից հետո նա գնացել է տաք սուրճ խմելու, որից հետո ընկերներին ասել է, որ իրեն լավ չի զգում, և վազելով եկել է տուն։ Մենք չենք կարողանում հասկանալ, թե դրանից առաջ ինչ է տեղի ունեցել, ով է մոտեցել երեխային, արդյոք նրան որևէ բան են տվել, և ինչ հանգամանքներում է նա հայտնվել նման վիճակում»,- պատմել է մայրը։

Երեխային տեղափոխել են «Մուրացան» մանկական հիվանդանոց, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել։ Հարազատի փոխանցմամբ՝ կատարված հետազոտությունների և անալիզների պատասխանները դեռևս չեն ստացել։

Երեխայի վիճակը շարունակում է մտահոգել հարազատներին։ Նրանց խոսքով՝ տղան դեռևս ամբողջությամբ չի վերականգնել հիշողությունը․ հիշում է միայն իր անունն ու ազգանունը, իսկ դեպքի հետ կապված ոչինչ չի կարողանում պատմել։

Երեխայի հարազատները ցանկանում են, որպեսզի իրավապահ մարմինները դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ուսումնասիրեն դեպքի վայրի՝ այգու, հարակից ավտոտնակների և տարածքում տեղադրված բազմաթիվ տեսախցիկների տեսագրությունները։

Leave a comment