MediaHub-ն ուսումնասիրել է ՀՀ կառավարության նիստի օրակարգը։ Օրակարգում ընդգրկված նախագծերից մեկով առաջարկվում է պետական աջակցության նոր ծրագիր՝ ուղղված 63–72 տարեկան քաղաքացիների տնտեսական ակտիվության խթանմանն ու գործարար նախաձեռնությունների իրականացմանը։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ժողովրդագրական կառուցվածքի փոփոխության, բնակչության ծերացման միտումների, ինչպես նաև ավագ սերնդի մասնագիտական փորձի, գիտելիքների և հմտությունների արդյունավետ օգտագործման կարևորության պայմաններում անհրաժեշտ է ձևավորել պետական աջակցության համապատասխան գործիքակազմ՝ ուղղված նրանց տնտեսական ներգրավվածության ընդլայնմանը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տրամադրած տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում 63–75 տարեկան կենսաթոշակառուների ընդհանուր թիվը 343 702 է, որոնցից 199 013-ը կանայք են, իսկ 144 689-ը՝ տղամարդիկ։
Նշված տարիքային խմբում կանանց թվային գերակշռությունը վկայում է, որ ավագ սերնդի անձանց տնտեսական ակտիվության խթանմանն ուղղված աջակցության ցանկացած գործիք կունենա նաև գենդերային նշանակություն։
Նույն տարիքային խմբում սոցիալապես անապահով անձանց թիվը 17 925 է, միայնակ բնակվող անձանցը՝ 13 243, տեղահանված անձանցը՝ 21 266, իսկ հաշմանդամություն ունեցող անձանց թիվը շուրջ 79 625 է։
Նշված տվյալները վերաբերում են 63–75 տարեկան քաղաքացիներին և օգտագործվել են որպես ծրագրի մշակման նախնական տեղեկատվական ու սոցիալ-ժողովրդագրական հիմք։ Ծրագրի վերջնական տարբերակով թիրախային շահառուներ են սահմանվել 63–72 տարեկան քաղաքացիները՝ հաշվի առնելով այդ տարիքային խմբում տնտեսական ակտիվության պահպանման, ինքնուրույն ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու գործնական կարողությունների, ինչպես նաև ծրագրի արդյունավետ և ռիսկերի կառավարմամբ իրականացման անհրաժեշտությունը։
Ավագ սերնդի անձանց տնտեսական ակտիվության մակարդակը շարունակում է սահմանափակ մնալ՝ պայմանավորված տարիքային առանձնահատկություններով, աշխատաշուկայի փոփոխվող պահանջներով, թվային և տեխնոլոգիական հմտությունների պակասով, ֆինանսական միջոցների սահմանափակ հասանելիությամբ, ինչպես նաև մրցունակության ապահովման հետ կապված դժվարություններով։
Նախագծով առաջարկվում է սահմանել 63–72 տարեկան քաղաքացիների տնտեսական ակտիվության խթանմանն ու գործարար նախաձեռնությունների իրականացմանն ուղղված աջակցության նոր գործիք՝ համադրելով ձեռնարկատիրական ուսուցումը, գործարար ծրագրի մշակումը և ֆինանսական կազմակերպությունների միջոցով տրամադրվող նպատակային ֆինանսավորումը։
Ծրագրի հիմնական բաղադրիչներն են՝
• Ծրագիրը նախատեսված է Հայաստանի Հանրապետության 63–72 տարեկան քաղաքացիների համար, որոնք իրականացնում են տնտեսական (ձեռնարկատիրական) գործունեություն կամ ծրագրով ընտրվելու դեպքում պարտավորվում են մինչև աջակցության տրամադրման մասին պայմանագրի կնքումը ձեռք բերել ծրագրով պահանջվող կարգավիճակը։
• Աջակցության համար կարող են դիմել ծրագրի պահանջներին համապատասխանող կրթական ծրագիր անցած, դրա շրջանակում գործարար ծրագիր մշակած և ձեռնարկատիրական հմտությունների առկայությունը հավաստող վավեր հավաստագիր ստացած անձինք։
• Մեկ շահառուի համար աջակցության առավելագույն չափը կազմում է 2 միլիոն դրամ, իսկ ծրագրի առավելագույն ընդգրկվածությունը՝ 200 շահառու։
• Շահառուների ընտրությունն ու ֆինանսավորումն իրականացվում են ծրագրով սահմանված տարածքային առաջնահերթությունների, յուրաքանչյուր խմբի ներսում նախատեսված նախապատվության և առկա բյուջետային հատկացումների հաշվառմամբ։
• Աջակցությունը տրամադրվում է ծրագրին մասնակցող՝ լիազոր մարմնի հետ ծրագրի իրականացման վերաբերյալ պայմանագիր կնքած բանկերի և վարկային կազմակերպությունների միջոցով։ Հաստատված միջոցները հաշվառվում են շահառուի համար նախատեսված հատուկ նպատակային հաշվով և համապատասխան հաշվարկային փաստաթղթերի հիման վրա վճարվում անմիջապես ապրանք մատակարարողին, աշխատանք կատարողին կամ ծառայություն մատուցողին։
Ծրագրի շահառու կարող են դառնալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձինք, ինչպես նաև իրավաբանական անձի հիմնադիրները կամ գործադիր մարմնի ղեկավարները, որոնք տվյալ իրավաբանական անձի միջոցով փաստացի իրականացնում են տնտեսական (ձեռնարկատիրական) գործունեություն։
Դիմել կարող են նաև այն քաղաքացիները, որոնք ծրագրով ընտրվելու դեպքում պարտավորվում են մինչև աջակցության տրամադրման մասին պայմանագրի կնքումը ձեռք բերել նշված կարգավիճակներից որևէ մեկը։ Այս պահանջի նպատակն է ապահովել դիմողի իրական ներգրավվածությունը գործարար ծրագրի իրականացման և տնտեսական գործունեության կառավարման գործընթացում։
Գործող անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի համար նախատեսվում է հետևյալ պայմաններից առնվազն մեկին համապատասխանելու պահանջը՝
• Հայտը ներկայացնելուն նախորդող 365 օրվա ընթացքում չկատարված հարկային պարտավորությունների գանձման վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չլինելը։
• Հայտը ներկայացնելու օրվա դրությամբ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ժամկետանց պարտավորություններ չունենալը։
• Վարկային զեկույցի համաձայն՝ ըստ ԱՔՌԱ տեղեկատվության, դիմումի ներկայացմանը նախորդող 12 ամսվա ընթացքում հանրագումարային 90 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ չունենալը։
Պայմանները սահմանվում են որպես այլընտրանքային հիմքեր՝ դիմողի մասնակցության հնարավորությունը հարկային կամ վարկային կարգապահության առնվազն մեկ չափանիշով գնահատելու համար՝ առանց բոլոր պահանջների միաժամանակյա բավարարման պարտադրանքի։
Կրթական ծրագրին մասնակցելու հայտը քաղաքացին ներկայացնում է լիազոր մարմին։ Վերջինս ստացված հայտերը փոխանցում է համապատասխան կրթական ծրագիր իրականացնող կազմակերպությանը և հայտ ներկայացրած անձանց տեղեկացնում կրթական ծրագրի իրականացման վայրի, ժամկետների, մասնակցության պայմանների և հետադարձ կապի տվյալների մասին։
Կրթական ծրագրի շրջանակում մասնակիցը զարգացնում է ձեռնարկատիրական հմտությունները և մշակում գործարար ծրագիր։
Կրթական ծրագիր իրականացնող կազմակերպությունը պետք է համապատասխանի ծրագրով սահմանված փորձառության և մասնագիտական կարողությունների պահանջներին։ Կրթական ծրագրի գնահատման կարգը, չափանիշները և հավաստագրման գործընթացը սահմանում է կրթական ծրագիր իրականացնող կազմակերպությունը։
Հավաստագիրը տրամադրվում է առնվազն 60 տոկոս ավարտական գնահատական ստացած մասնակցին և վավեր է 12 ամիս։
Վավեր հավաստագիր ստացած անձն ինքնուրույն ընտրում է լիազոր մարմնի պաշտոնական կայքում հրապարակված ցանկում ընդգրկված ֆինանսական կազմակերպություններից որևէ մեկը և վերջինիս ներկայացնում աջակցության դիմումը, գործարար ծրագիրը և ծրագրով պահանջվող փաստաթղթերը։
Մարիաննա Արամյան