Ադրբեջանը 2027 թվականին նախատեսում է 4 միլիարդ մանաթ (2,35 միլիարդ դոլար) հատկացնել պաշտպանական նախագծերին, մինչդեռ զինծառայողների բնակարանային ապահովման և վարձակալության փոխհատուցման ծախսերը նախատեսվում է կրճատել 41,2%-ով։ Այս մասին նշվում է պետական բյուջեի նախագծում, գրում է OC Media-ն։ Ընդհանուր առմամբ, պաշտպանության և ազգային անվտանգության ոլորտի ծախսերը 2026 թվականի համեմատ նախատեսվում է ավելացնել շուրջ 1,2%-ով։ Միևնույն ժամանակ, հատուկ պաշտպանական նախագծերի ֆինանսավորումը կնվազի 11,1%-ով՝ 4,5 միլիարդ մանաթից (2,65 միլիարդ դոլար) հասնելով 4 միլիարդ մանաթի (2,35 միլիարդ դոլար)։
Նախատեսվող հատկացումը փոքր-ինչ ցածր է 2026 թվականի պետական բյուջեով վերականգնման աշխատանքների համար նախատեսված 3,5 միլիարդ մանաթից (2,06 միլիարդ դոլար)։ 2025 թվականին Ադրբեջանն այդ նպատակով հատկացրել էր շուրջ 4,5 միլիարդ մանաթ (2,6 միլիարդ դոլար), իսկ 2024 թվականին՝ 4,9 միլիարդ մանաթ (2,86 միլիարդ դոլար)։ Բյուջեի նախագծով նաև 3,4 միլիարդ մանաթ (2 միլիարդ դոլար) է նախատեսվում հատկացնել հայկական վերահսկողությունից վերադարձված տարածքների վերականգնման համար՝ կառավարության «Մեծ վերադարձ» ծրագրի շրջանակում։ Այս գումարը փոքր-ինչ քիչ է 2026 թվականին այդ նպատակով հատկացվածից` 3,5 միլիարդ մանաթ (2,06 միլիարդ դոլար), և զգալիորեն զիջում է 2025 թվականի բյուջեին՝ 4,46 միլիարդ մանաթ (2,63 միլիարդ դոլար) ու 2024 թվականի համար հատկացված գումարին՝ 4,86 միլիարդ մանաթ (2,86 միլիարդ դոլար)։ Պետական բյուջեի նախագիծը ներկայումս քննարկվում է խորհրդարանում։
Ֆինանսավորումն ուղղվելու է երկրի պաշտպանունակության ամրապնդմանը, ինչպես նաև զինված ուժերի նյութատեխնիկական բազայի բարելավմանը։ Բյուջեի նախագծի համաձայն՝ միջոցները կհատկացվեն՝ հաշվի առնելով առկա պարտավորություններն ու ստորագրված պայմանագրերը։
Բյուջեի նախագծով նախատեսվում է նաև 2026 թվականի համեմատ 41,2%-ով կրճատել զինծառայողների բնակարանային ապահովման և վարձակալության փոխհատուցման համար նախատեսված ֆինանսավորումը։
2027 թվականին այդ նպատակների համար նախատեսվում է հատկացնել ընդհանուր առմամբ 29,7 միլիոն մանաթ (17,5 միլիոն դոլար), մինչդեռ 2026 թվականին հատկացվել է 50,5 միլիոն մանաթ (29,7 միլիոն դոլար)։ Այդ գումարից 15 միլիոն մանաթը (8,8 միլիոն դոլար) նախատեսվում է ուղղել առնվազն 20 տարվա զինվորական ծառայություն անցած գործող և պահեստազորի զինծառայողների բնակարանային ապահովմանը։ Սա 57,1%-ով պակաս է 2026 թվականին այդ նպատակով հատկացված գումարից՝ 35 միլիոն մանաթ (20,6 միլիոն դոլար)։
Եվս 14,7 միլիոն մանաթ (8,6 միլիոն դոլար) նախատեսվում է հատկացնել սեփական բնակարան չունեցող զինծառայողների, այդ թվում՝ պահեստազորի և պաշտոնաթող զինվորականների վարձակալության ծախսերի փոխհատուցմանը։ Սա 5,2%-ով պակաս է ընթացիկ տարում այդ նպատակով հատկացված գումաից՝ 15,5 միլիոն մանաթ (9,1 միլիոն դոլար)։
Միևնույն ժամանակ, Ադրբեջանը 2027 թվականի կապիտալ ներդրումների բյուջեից նախատեսում է 3,4 միլիարդ մանաթ (2 միլիարդ դոլար) հատկացնել հայկական վերահսկողությունից վերադարձված տարածքների վերականգնմանն ու զարգացմանը։
Ֆինանսավորումն աջակցելու է կառավարության «Մեծ վերադարձ» ծրագրի իրականացմանը, որը ներառում է քաղաքների և գյուղերի վերակառուցումը, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացումը՝ ճանապարհների, էլեկտրամատակարարման և ջրամատակարարման համակարգերի, դպրոցների, հիվանդանոցների ու բնակարանների կառուցումը։ Բյուջեի նախագծով կապիտալ ներդրումների ընդհանուր ծավալը գնահատվում է 5,3 միլիարդ մանաթ (3,1 միլիարդ դոլար)։ Մնացած 1,9 միլիարդ մանաթը (1,1 միլիարդ դոլար) նախատեսվում է ուղղել այլ ներդրումային ծրագրերի։
Ընդհանուր առմամբ, 2027 թվականի պետական բյուջեից 3,4 միլիարդ մանաթ (2 միլիարդ դոլար) կհատկացվի նախկինում հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքների վերականգնմանն ու վերակառուցմանը, ինչպես նաև հարակից միջոցառումներին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի