Քաղաքականություն
04.11.2026 | 21:16
ՀՀ կենտրոնական բանկը ահազանգում է ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի մասին։ Խարդախները, ներկայանալով որպես կոմունալ ծառայությունների աշխատակիցներ, այցելում են քաղաքացիների բնակարաններ, հասանելիություն ստանում նրանց անձնական տվյալներին և առանց նրանց գիտության ու համաձայնության՝ տարբեր բանկերում հաշիվներ բացում ու սպառողական վարկեր ձևակերպում։ Վարկային միջոցներն այնուհետև փոխանցվում են երրորդ անձանց հաշիվներին՝ քաղաքացիներին թողնելով չնախատեսված ֆինանսական պարտավորությունների առաջ։
«Մասնավորապես՝ անհայտ անձինք, ներկայանալով որպես կոմունալ ծառայություններ մատուցող ընկերության աշխատակիցներ, ծառայություններ մատուցելու կամ ստուգումներ կատարելու պատրվակով կապ են հաստատում քաղաքացիների հետ, որից հետո այցելում են վերջիններիս բնակարաններ, որտեղ անմիջական շփման ընթացքում, մոլորեցնելով քաղաքացիներին, հասանելիություն են ստանում նրանց անձնական տվյալներին, այնուհետև ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպությունների բջջային հավելվածներում իրականացնում են քաղաքացիների գրանցումը, նույնականացումը և ինքնության հեռավար ստուգումը։
Արդյունքում՝ առանց քաղաքացիների գիտության ու համաձայնության՝ նրանց անձնական տվյալների օգտագործմամբ տարբեր բանկերում բացվում են օգտահաշիվներ և բանկային հաշիվներ, ինչպես նաև հեռավար եղանակով ձևակերպվում են սպառողական վարկեր՝ քաղաքացիների համար առաջացնելով չնախատեսված ֆինանսական պարտավորություններ, իսկ ստացված վարկային միջոցներն անմիջապես փոխանցվում են երրորդ անձանց բանկային հաշիվներին:
Հորդորում ենք քաղաքացիներին ցուցաբերել առավելագույն զգոնություն և խուսափել կասկածելի առաջարկներից»,- ասվում է հաղորդագրության մեջ