ԱՄՆ ծովային հետևակային է զոհվել ճապոնական Օկինավա կղզում անցկացվող զորավարժությունների ժամանակ

ԱՄՆ ծովային հետևակային է զոհվել ճապոնական Օկինավա կղզում անցկացվող զորավարժությունների ժամանակ

ԱՄՆ ծովային հետևակային է զոհվել ճապոնական Օկինավա կղզու Քեմփ Շվաբ ռազմաբազայում ուսումնական պատրաստության ժամանակ տեղի ունեցած միջադեպի հետևանքով, հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով ԱՄՆ ծովային հետևակի 3-րդ դիվիզիան։

Զինվորականների տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 3-ին։ Զոհվածի անունը դեռ չի հրապարակվում. այն կհրապարակվի հարազատներին տեղեկացնելուց առնվազն 24 ժամ անց։

«Տեղի ունեցածի հանգամանքները շարունակում են քննության առարկա մնալ»,- ասվում է դիվիզիայի հայտարարության մեջ։ Զինվորականները նաև ցավակցություն են հայտնել զոհվածի ընտանիքին ու մտերիմներին։

Օկինավան Ճապոնիայի ամենահարավային պրեֆեկտուրան է, որտեղ տեղակայված է Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ամերիկյան ռազմական ենթակառուցվածքների զգալի մասը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կղզին գտնվում էր ԱՄՆ կառավարման ներքո, իսկ 1972 թվականին վերադարձվել է Ճապոնիային։

Հրապարակման տվյալներով՝ Օկինավայում տեղակայված է մոտ 80 հազար ամերիկացի, որոնցից գրեթե 30 հազարը գործող զինծառայողներ են։ Կղզում ամերիկյան զորակազմի հիմնական մասը ծովային հետևակայիններն են։

Ավելի վաղ կղզին հայտնվել էր ուշադրության կենտրոնում ճապոնուհու սպանության գործի քննության պատճառով, որում ամերիկացի ծովային հետևակային է կասկածվում։ Անցյալ ամիս ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն խոստացել էր քննության ընթացքում համագործակցել Ճապոնիայի իշխանությունների հետ։ Գործը զանգվածային բողոքի ցույցերի պատճառ էր դարձել և հանգեցրել ամերիկացի զինծառայողների համար պարետային ժամի սահմանմանն ու կարգապահության և վարքականոնների պահպանման վերաբերյալ պարտադիր պարապմունքների ներդրմանը։

ԱՄՆ ծովային հետևակի III էքսպեդիցիոն կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Բենջամին Ուոթսոնն այն ժամանակ հայտարարել էր, որ Օկինավայում ծառայությունը «պատասխանատվություն է ենթադրում»։

Leave a comment