Քրեական վարույթ է նախաձեռնվել նախօրեին Օհանավանի մոտ խոշոր ավտովթարի դեպքի առթիվ, ինչի հետևանքով մահացել է 9 մարդ
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Քրեական վարույթ է նախաձեռնվել նախօրեին Օհանավանի մոտ խոշոր ավտովթարի դեպքի առթիվ, ինչի հետևանքով մահացել է 9 մարդ։
Այս մասին «Նովոստի–Արմենիա»–ին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։
«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ)։ Կատարվում է նախաքննություն», – նշվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ավտովթարը տեղի է ունեցել նոյեմբերի 3-ի երեկոյան Ապարան — Աշտարակ ավտոճանապարհին՝ Օհանավան գյուղի մոտակայքում: Բախվել են չորս տրանսպորտային միջոցներ՝ Jeep Compass, Opel Zafira, Chevrolet Volt մակնիշի ավտոմեքենաները և կցորդիչով բեռնատարը:
Վթարի հետևանքով զոհվել է ինը մարդ: Առողջապահության նախարարության տվյալներով՝ երեք տուժածներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն: