Սա հենց այն «առաջարկն» է, որը Նիկոլ Փաշինյանը խոստացել էր անել ընդդիմությանը՝ նոր Սահմանադրության ընդունման համատեքստում․ Սուրենյանց
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրել է. «Փաշինյանի «առաջարկը»՝ խուզարկությունների ու ռեպրեսիաների լեզվով․
Այսօր վաղ առավոտից Քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են իրականացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և ԱԺ համանուն խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում, ինչպես նաև Կարապետյան ընտանիքի հետ կապվող վեց տասնյակից ավելի հասցեներում։
Սա, թերևս, հենց այն «առաջարկն» է, որը Նիկոլ Փաշինյանը խոստացել էր անել ընդդիմությանը՝ նոր Սահմանադրության ընդունման համատեքստում։
Կոլաբորանտ իշխանությունը, որը ծնկաչոք կատարում է Ալիևի պահանջները, սեփական ընդդիմության հետ այլ լեզվով խոսել պարզապես չի կարող։
Փաշինյանի քաղաքական զինանոցում, ըստ էության, մնացել են միայն բռնությունն ու ռեպրեսիաները։ Դրանց միջոցով նա փորձում է պահպանել իշխանությունը, չեզոքացնել քաղաքական դիմադրությունն ու բարենպաստ պայմաններ ստեղծել արտաքին պարտավորությունների կատարման համար։
Սակայն համոզված եմ՝ այսօր առաջարկով հանդես գալու հերթն ընդդիմությանն է։ Ընդ որում՝ այդ առաջարկի հասցեատերը պետք է լինի Հայաստանի հասարակությունը։
Խոսքը երկրի ինքնիշխանության ամրապնդման, անվտանգության ապահովման, արժանապատիվ ու երաշխավորված խաղաղության հաստատման քաղաքական հստակ այլընտրանքի մասին է։
Իսկ այդ ճանապարհի առաջին և անհրաժեշտ քայլը Փաշինյանի անփառունակ իշխանության հեռացումն է։
Մեր թիմի անվերապահ աջակցությունն ու համերաշխությունն եմ հայտնում Սամվել և Նարեկ Կարապետյաններին, «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը»։