Ես ապրում եմ այստեղ, անմիջապես հարևանությամբ, ժամը 9:10-ի սահմաններում տանը նստած էինք, ահավոր ձայն լսվեց, ոնց որ հրանոթ կրակեին, երեք անգամ։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 4-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց նախօրեին երեկոյան Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ավտովթարի ականատեսներից մեկը՝ Օհանավանի բնակիչ Խաչիկ Բարեղամյանը։
«Մենք վազեցինք այստեղ, տեսանք երկու մեքենան համարյա թե հավասարված էր գետնին, մաս գոյություն չուներ։ Անմիջապես մի մեքենան շուռ տվեցին, որ իրարից անջատեն, դիակները միջից թափվեցին՝ մարդ ու կին։ Դիակները, որ ընկավ, շատ մարդիկ հետ քաշվեցին։ Ամուսինները 50 տարեկանին մոտ էին։ Մնացածը չէր երևում, որովհետև մութ էր։
Վերևից ֆուռը եկել է, խփել է այդ երկու մեքենաներին, այստեղից իջել է, խփել է վագոնին, շուռ է տվել, հետո խփել է «Օպել զաֆիրային»։ «Օպելը» ներքևից է գալուց եղել։ Դրանից հետո շուռ է եկել։ Արդեն համարյա թե վառվում էր ֆուռը։ Հալալ լինի մեր փրկարարներին, հրշեջներին, եկան ամեն ինչ արեցին»,–ասաց նա։
Ականատեսը հավելեց, որ բեռնատարի վարորդը ողջ էր, վզի հատվածում վնասվածք ուներ, բժիշկները օգնություն ցույց տվեցին, կապեցին ու տարան հիվանդանոց. «Գիտակցության էր, նորմալ խոսում էին հետո։ Մեզ մոտ չէին թողնում։ Մի ահավոր տեսարան էր այստեղ, սարսափելի էր գիշերը։ Մենք չգիտեինք՝ որ կողմը գնանք, ում օգնենք։ Տարբեր մարդիկ օգնություն էին ցույց տալիս։ Մենք էլ մեքենան շուռ տվեցինք, որ տեսնենք կենդանի են մեջը, թե ոչ։ Մութ էր, չէր երևում։ Հալալ լինի մեր ոստիկաններին, որ կարողացան ճանապարհները բացել, երթևեկությունը կարգավորել։ Ամբողջ գիշեր աշխատել են, հերթապահել են։
Ասում էին, որ մեքենաների մեջ երեխաներ կային, բայց ես չեմ տեսել։ Փրկարարները ման էին գալիս, չգիտեմ հանեցին թե չէ։ Երկուսի անուն էին տալիս»,–ասաց նա։
Ականատեսի խոսքով, վթարի հետևանքով նաև էլեկտրասյուներ են տապալվել, երկար ժամանակ հոսանք չեն ունեցել։ Շատ արագ են երթևեկում, մանավանդ այդ ֆուռերը։ Չեն պատկերացնում, որ մեքենան պիտի վերևից իջնելուց զգույշ լինի։ Ախր չեք պատկերացնում ինչ արագությամբ են իջնում։ Կարող է արգելակները չի պահել, կարող է ավտոն փախել է»։
Մեկ այլ ականատես էլ հավելեց, որ բեռնատարի վարորդին են հանել, բերել, պառկեցրել գետնին. «Խոսում էր դեռ, բայց ասում են՝ արդեն մահացել է։ 9–րդ զոհն է։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին երեկոյան Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira»-ն և կցորդիչով բեռնատարը։ Վթարի հետեւանքով զոհվել է 9 մարդ, ևս երեքը վիրավոր են։
Տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, մյուսին գիշերը վիրահատել են, երրորդ տուժածն անցնում է անհրաժեշտ հետազոտությունները, առողջական վիճակը միջին ծանրության է:
Զոհվածների անունները դեռեւս չի հաղորդվում։
Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով հանել են դիերը վթարված ավտոմեքենաներից, ինչպես նաև ավտոմեքենաները հեռացրել են ավտոճանապարհից։
NEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրում պարզել էր, որ մահացածներից երեքը ամուսիններ էին և նրանց 18–ամյա որդին։
Վթարի մասնակից 4 մեքենաներից մեկը՝ բեռնատարը ռուսական համարանիշներով է եղել։