Walt Disney Co.-ն կարող է կրճատել հազարավոր աշխատատեղեր՝ ծախսերը կտրուկ նվազեցնելու նպատակով։ Այս մասին, հղում անելով իրազեկ աղբյուրներին, գրում է Bloomberg-ը։
Գործակալության զրուցակիցների խոսքով՝ ստորաբաժանումների որոշ ղեկավարներ հանձնարարություն են ստացել բյուջեները կրճատել 20%-ով՝ նախորդ տարվա մակարդակի համեմատ։ Նրանք նախատեսում են այդ նպատակին հասնել ինչպես աշխատակիցների կրճատման, այնպես էլ ծախսերի նվազեցման միջոցով։
Աղբյուրների փոխանցմամբ՝ Disney-ի՝ վերջերս նշանակված գլխավոր գործադիր տնօրեն Ջոշ Դ’Ամարոն խնայված միջոցները մտադիր է ուղղել կինոյի և հեռուստատեսության համար բովանդակության ստեղծմանը, ինչպես նաև թեմատիկ զբոսայգիների և զբոսաշրջային նավարկությունների բիզնեսի զարգացմանը։
Ընկերության ներկայացուցիչը հրաժարվել է Bloomberg-ի խնդրանքով մեկնաբանություն տրամադրել։
Վերջին տարիներին Disney-ն արդեն միլիարդավոր դոլարներով կրճատել է ծախսերը և հազարավոր աշխատակիցների ազատել աշխատանքից։ Նախորդ ֆինանսական տարվա վերջի դրությամբ ընկերությունում աշխատում էր շուրջ 231 հազար մարդ։
«Մենք պետք է մշտապես վերանայենք մեր բիզնեսի կառուցվածքն ու կազմակերպության չափերը»,- Լոս Անջելեսում կայացած Bloomberg Screentime համաժողովի ընթացքում հայտարարել է Disney-ի նախագահ Դանա Ուոլդենը, – «Տեխնոլոգիական ընկերությունները թիրախավորել են մեր բիզնեսը, և մենք պետք է կարողանանք գոյատևել, զարգանալ և աճել, ինչն էլ պատրաստվում ենք անել»։
Վերջին երեք ամիսների ընթացքում Disney-ի շուկայական կապիտալիզացիան աճել է 15.2%-ով՝ հասնելով 195.3 միլիարդ դոլարի։