Կաշառք՝ երաժշտական քոլեջ ընդունվելու և անվճար սովորելու դիմաց․ գործն ուղարկվել է դատարան

Կաշառք՝ երաժշտական քոլեջ ընդունվելու և անվճար սովորելու դիմաց․ գործն ուղարկվել է դատարան (տեսանյութ)

Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է դիմորդների ուսումն անվճար կազմակերպելու նպատակով կաշառք ստանալու մեջ
📌Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենի, նաև ընդունելության քննությունների ընդունող հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը զբաղեցրած անձը, իր ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, ստացել է կաշառք:
✔️Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ նշված պաշտոնատար անձը, քոլեջի դիմորդի ուսումն անվճար կազմակերպելու դիմաց, վերջինիս ծնողներից 2026 թվականի տարբեր ամիսների ստացել է ընդհանուր 350.000 ՀՀ դրամ կաշառք:
Բացի այդ, քոլեջի տարբեր բաժիններում ևս 2 դիմորդի ուսումն անվճար կազմակերպելու համար հիշյալ պաշտոնյան նույն ժամանակահատվածում նրանց ծնողներից նույնպես ստացել է 350.000-ական ՀՀ դրամ կաշառք:
Նշված գործընթացը կազմակերպելու համար կաշառք տվողին օժանդակել են նույն քոլեջի 2 դասախոսներ՝ կաշառք տվողի և ստացողի միջև միմյանց չճանաչելու խոչընդոտը վերացնելու և նրանց միջև փոխվստահության մթնոլորտ ստեղծելու եղանակով:
📌Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել կաշառք ստանալու համար: Նախաքննության ընթացքում մեղադրանքներ են ներկայացվել ևս 6 անձի:
Ներկայացված մեղադրանքներում մեղադրյալներն իրենց մեղավոր են ճանաչել և տվել խոստովանական ցուցմունքներ։ Նախաքննության ընթացքում կատարված խուզարկությունների արդյունքում կաշառքի առարկա հանդիսացող ավելի քան 1 մլն դրամ գումարն առգրավվել է:
✔️Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են Հակակոռուպցիոն դատարան:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Leave a comment