Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրամիությունը չի հրաժարվի էկոլոգիապես մաքուր տնտեսությանն անցնելու ուղուց, որը նա համարում է Եվրոպայի անկախության երաշխիք։ Այս մասին նա հայտարարել է WinWin Brussels Summit-ի ընթացքում։
«Նավթ և գազ ներմուծելով՝ մենք ռիսկի ենք դիմում դրանց հետ մեկտեղ ներմուծել նաև ցնցումներ և ճգնաժամեր։ Հետևաբար, «մաքուր» տնտեսությանն անցումը ոչ միայն կլիմայի պաշտպանությանը, այլև Եվրոպայի մրցունակությանն ու անկախությանն է վերաբերում: Այս տարի մենք կրկին ականատես եղանք կլիմայի փոփոխության կործանարար հետևանքներին՝ երաշտների, անտառային հրդեհների և ջրհեղեղների։ Սակայն տեսանք նաև, թե որքան թանկ է մեզ վրա նստում ներմուծվող հանածո վառելիքից կախվածությունը։ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հետևանքով ներմուծվող հանածո վառելիքը Եվրոպայի համար լրացուցիչ 127 միլիարդ եվրոյի ծախս է առաջացրել, ընդ որում՝ մենք էներգիայի նույնիսկ մեկ լրացուցիչ մոլեկուլ չենք ստացել»,- ասել է նա։
Նա կրկին ընդգծել է Եվրահանձնաժողովի այն թեզը, որ մինչև 2050 թվականը Եվրոպան կդառնա կլիմայական առումով չեզոք առաջին մայրցամաքը։ Եվրահանձնաժողովի նախագահը նշել է, որ ԵՄ-ն պարտավորվել է մինչև այդ ժամկետը Եվրոպայում ջերմոցային գազերի արտանետումները կրճատել 90%-ով։
«2021 թվականից ի վեր ամբողջ Եվրամիությունում կայուն զարգացմանն ուղղված ծրագրերում ներդրվել է ավելի քան 1.2 տրիլիոն եվրո։ Նման ներդրումները պահանջում են երկարաժամկետ կանխատեսելիություն։ Ուստի ցանկանում եմ հստակ հայտարարել. Եվրոպան չի շեղվում իր ընտրած ուղուց, մենք հավատարիմ ենք մնում սահմանված նպատակներին և աջակցում մեր էկոլոգիապես մաքուր արդյունաբերական ոլորտներին»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահը։
WinWin Brussels Summit-ը հեղինակավոր ամենամյա միջոցառում է, որը ստեղծվել է առաջադեմ տեխնոլոգիաների զարգացման և մրցունակության միասնական եվրոպական ռազմավարության ձևավորման շուրջ քննարկումների հարթակ լինելու նպատակով։ Այն նախատեսված է ստարտափների հիմնադիրների, ներդրողների և քաղաքական առաջնորդների համար։