ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի երեկոյան հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը մասամբ նպաստել է միջանկյալ ընտրություններում Հանրապետական կուսակցության պարտությանը։
Երբ The Wall Street Journal-ին տված հեռախոսային հարցազրույցում նրան հարցրել են՝ արդյոք պատերազմն ազդել է հանրապետականների ընտրական վատ արդյունքների վրա, Թրամփը պատասխանել է. «Իրանը պատճառներից մեկն էր»։
Նա նշել է, որ չի զղջում պատերազմ սկսելու իր որոշման համար, չնայած այն բացասաբար է անդրադարձել իր նախագահության վարկանիշի վրա։ Ամիսներ շարունակ նա դժվարություններ է ունեցել հակամարտությանը վերջ տալու հարցում և խորհրդականներին դժգոհություն է հայտնել, որ պատերազմը մշտական խնդիր է դարձել իր համար։
«Ես այդ մասին չեմ մտածում։ Ես ճիշտ եմ վարվել և կրկին նույն կերպ կվարվեի»,- ասել է նա։
Թրամփը նշել է, որ իր կարծիքով՝ քաղաքական առումով ամենամեծ խնդիրը ոչ թե պատերազմն էր, այլ նավթի գների աճը։ Հակամարտության հետևանքով բենզինի և դիզելային վառելիքի գները կտրուկ բարձրացել են՝ առաջացնելով ամերիկացի ընտրողների դժգոհությունը։
Թրամփը մերժել է այն տեսակետը, թե ընտրությունների արդյունքները վկայում են իր նախագահության նկատմամբ անվստահության մասին։ Սա այն դեպքում, երբ Հանրապետական կուսակցությունը պարտություններ է կրել նույնիսկ ավանդաբար հանրապետականների օգտին քվեարկող այնպիսի նահանգներում, ինչպիսիք են Կանզասը, Հարավային Կարոլինան և Տեխասը, իսկ նրա վարկանիշը զգալիորեն նվազել է բազմաթիվ նահանգներում։
«Դա պարզապես որոշակի պահ էր, և ես ընտրություններին չէի մասնակցում։ Ամենամեծ խնդիրն այն էր, որ ես քվեաթերթիկում չկայի», – ասել է նա։
Թրամփը պնդել է, որ ընտրողները չեն մերժել Հանրապետական կուսակցությանը՝ տնտեսության վիճակից կամ Թրամփի վարչակազմում ենթադրյալ կոռուպցիայից դժգոհ լինելու պատճառով։ Նա նաև նշել է, որ չի զղջում նախընտրական քարոզարշավի ընթացքում տնտեսության մասին ավելի հաճախ չխոսելու համար։
Նախագահը հայտարարել է, որ մտադիր չէ կադրային փոփոխություններ իրականացնել իր վարչակազմում։ Նա նաև աջակցություն է հայտնել պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին, որը ղեկավարել է պատերազմի ընթացքը։
«Իրականում, կարծում եմ՝ նա հիանալի է», – ասել է Թրամփը։
Միևնույն ժամանակ, նախագահը խոստովանել է, որ ընտրություններում առաջադրված որոշ հանրապետական թեկնածուներ «կարող էին ավելի լավը լինել»։
«Նրանցից ոմանք բազմաթիվ թերություններ ունեին, և ակնհայտ է, որ նրանք ընդունելի չէին ընտրողների համար։ Գիտեք, հնարավոր է անել միայն այնքան, որքան կարող ես», -նշել է նա։
Երեքշաբթի կայացած ընտրություններում պարտված որոշ թեկնածուների առաջադրումը պաշտպանել էր անձամբ Թրամփը, այդ թվում՝ Հարավային Կարոլինայից հանրապետական սենատոր Դարլին Գրեհեմին։
«Ես փորձեցի օգնել նրանց», – ասել է նա։
Անդրադառնալով Գրեհեմին և Տեխասից հանրապետական նահանգային գլխավոր դատախազ Քեն Փաքսթոնին, որը Սենատի ընտրություններում պարտվել էր դեմոկրատ Ջեյմս Տալարիկոյին՝ Թրամփն ասել է. «Դարլինը շատ է աշխատել, նրանք երկուսն էլ ջանքեր են գործադրել։ Բայց երկուսն էլ չկարողացան հաղթել»։
Թրամփը կասկածի տակ չի դրել ընտրությունների արդյունքների օրինականությունը և հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել դեմոկրատների հետ, սակայն անհրաժեշտության դեպքում կօգտագործի իր վետոյի իրավունքը։
«Կարծում եմ՝ մենք կհամագործակցենք դեմոկրատների հետ և շատ լավ հարաբերություններ կունենանք նրանց հետ։ Եթե ոչ՝ մենք շատ կոշտ կվարվենք նրանց հետ, իսկ նրանք՝ մեզ հետ»,- ասել է նա։
Սակայն Թրամփը չի պատասխանել այն հարցին, թե կոնկրետ որ դեմոկրատների հետ կարող է արդյունավետ համագործակցել։
«Երբեմն պարզապես այսպես է ստացվում»,- ընտրությունների արդյունքները մեկնաբանելիս եզրափակել է ԱՄՆ նախագահը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի