ՀՀ կառավարությունը հավասարակշռված և հավասարակշռող արտաքին քաղաքականություն է վարում, որը ենթադրում է տնտեսական և քաղաքական ոլորտներում կապերի դիվերսիֆիկացում: Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Բրյուսելում կայացած Եվրամիության ընդլայնմանը նվիրված գագաթնաժողովի շրջանակում Euronews-ին տված հարցազրույցում:
Նա անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններին, Ռուսաստանի հետ հարաբերություններին՝ մեկնաբանելով ՌԴ անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը կարող է դառնալ «նոր Ուկրաինա», հայտնում է Auroranews.am-ը:
Փաշինյանը նման արտահայտությունները ոչ կառուցողական է անվանել և ասել է․ «Հայաստանը կմնա Հայաստան։ Մենք ուզում ենք դառնալ ավելի անկախ, ավելի ինքնիշխան և ավելի ինտեգրված։ Միաժամանակ մեր եվրոպական քաղաքականությունը չի նշանակում, որ մենք պետք է կտրվենք մեր իսկ տարածաշրջանից։ Մենք պետք է զարգացնենք հարաբերությունները եվրոպացի գործընկերների հետ՝ միաժամանակ պահպանելով կապերը հարևանների հետ»:
Նա պարզաբանել է նաև, թե ինչ է հասկանում երկրի անկախության ամրապնդում ասելով։ Նրա ասելով՝ այս գործընթացը կապված է կախվածության բնույթի փոփոխության և ինքնուրույն ընտրություն կատարելու հնարավորությունների ընդլայնման հետ։
«Մենք դիվերսիֆիկացնում ենք մեր հարաբերությունները բոլոր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսության և քաղաքականության։ Մեր նպատակը ռիսկերը կառավարելն է։ Մեզ համար կարևոր է բացառապես մեկ գործընկերոջից կախված չլինել և հնարավորություն ունենալ ինքնուրույն որոշումներ կայացնելու՝ ելնելով Հայաստանի ազգային շահերից»,- ասել է Փաշինյանը։
Հարցազրույցի ընթացքում կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև Եվրամիությանն անդամակցելու Հայաստանի հնարավորություններին։ Փաշինյանն ընդունել է, որ երկարաժամկետ տեսանկյունից երկու ինտեգրացիոն միավորումներին միաժամանակ անդամակցելը գործող մաքսային կարգավորումների պայմաններում անհամատեղելի է, հետևաբար, որոշակի փուլում Հայաստանը ստիպված է լինելու հստակ ընտրություն կատարել այդ երկու ուղղությունների միջև։
Վարչապետի խոսքով՝ գործադիր իշխանության առաջնահերթություններից մեկն իրական և գործնական այլընտրանքի ձևավորումն է, որպեսզի երկիրը կարողանա ընտրություն կատարել տարբեր ինտեգրացիոն հնարավորությունների միջև։ Նա ընդգծել է, որ վերջնական որոշման հիմքում պետք է լինի Հայաստանի քաղաքացիների արտահայտած կամքը։
Փաշինյանը միաժամանակ շեշտել է, որ երկրի ինքնիշխանության ամրապնդումը և Եվրամիության հետ հարաբերությունների խորացումը չպետք է մեկնաբանվեն որպես տարածաշրջանային գործընկերությունից հեռանալու կամ հարևան պետությունների հետ համագործակցությունը սահմանափակելու մտադրություն։
Կառավարության ղեկավարի ներկայացմամբ՝ Հայաստանը, ընդհակառակը, կարևորում է հարևան երկրների հետ կայուն և փոխշահավետ հարաբերությունների պահպանումը։ Երևանը շահագրգռված է այնպիսի միջազգային և տարածաշրջանային կապերի զարգացմամբ, որոնք կնպաստեն արտաքին գործընկերներից միակողմանի կախվածության նվազեցմանը և Հայաստանի ինքնուրույն արտաքին ու տնտեսական քաղաքականություն իրականացնելու կարողությունների ընդլայնմանը։
Փաշինյանը Բրյուսելում մասնակցել է Euronews հեռուստաընկերության կազմակերպած «ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026»-ին: Երկրի ղեկավարն անդրադարձել է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին և դրանց հետագա զարգացմանը, խոսել ԵՄ-ի հետ փոխգործակցության հեռանկարների վերաբերյալ:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը, Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին և զարգացումներին, խաղաղության ամրապնդմանը միտված քայլերին: