9 զոհ, 3 վիրավոր․ ճանապարհին մեկի անպատասխանատվությունը կարող է դառնալ մյուսների մահվան դատավճիռը
9 զոհ։ 3 վիրավոր։ Մեկ ճանապարհատրանսպորտային պատահար։ 9 մարդ որոնց համար հոկտեմբերի 3-ը դարձավ կյանքի վերջին օրը։
Մի՞թե այսքան կյանք պետք է խլի մեկ վարորդի սխալը, անզգուշությունը կամ ճանապարհային կանոնների նկատմամբ արհամարհական վերաբերմունքը։
Ճանապարհը սեփական ուժերը ցուցադրելու, արագություն փորձարկելու կամ մի քանի րոպե շահելու վայր չէ։ Մեքենայի ղեկին նստած մարդը պատասխանատվություն է կրում ոչ միայն իր, այլև իր կողքին նստածների և ճանապարհի մյուս մասնակիցների կյանքի համար։ Բայց, ցավոք, շատերի համար այդ պատասխանատվությունը կարծես գոյություն չունի։
Արագություն, վտանգավոր վազանց, հանդիպակաց գոտի դուրս գալ, հեռախոսով խոսել, ալկոհոլի ազդեցության տակ ղեկին նստել։ Սրանք պարզապես ճանապարհային խախտումներ չեն։ Դրանք կարող են վերածվել մահվան պատճառի։
Ամենացավալին այն է, որ հաճախ մեկի անպատասխանատու որոշման գինը վճարում են բոլորովին անմեղ մարդիկ։ Մարդիկ, որոնք պարզապես ճանապարհ էին ընկել՝ տուն հասնելու, աշխատանքի գնալու կամ իրենց ընտանիքին վերադառնալու համար։
Պետք է վերջապես հասկանալ՝ ճանապարհային անվտանգությունը միայն ոստիկանության կամ տեսախցիկների խնդիրը չէ։ Դա յուրաքանչյուր վարորդի գիտակցության, ինքնակարգապահության և պատասխանատվության հարց է։ Օրենքի խստությունը կարևոր է, պատժի անխուսափելիությունը՝ նույնպես, բայց ոչ մի տուգանք և ոչ մի պատիժ այլևս չի վերադարձնի զոհված մարդկանց կյանքը։
Իսկ եթե որևէ մեկը կարծում է, թե իր մեքենայով կարող է վտանգել ուրիշների կյանքը և հետո պարզապես շարունակել ճանապարհը, ապա պետք է հասկանա՝ ղեկին նստելը իրավունք է, բայց առաջին հերթին՝ հսկայական պատասխանատվություն։
Սակայն պետությունն այս ամենի կողքով անցնելու իրավունք չունի։ Պետական պատասխանատվությունը չի սկսվում զոհերի թվերը հրապարակելուց և ցավակցություններ հայտնելուց հետո։ Պետությունը պարտավոր է կանխել նման ողբերգությունները, ոչ թե միայն արձանագրել դրանց հետևանքները։
Պահանջվում է ոչ թե հերթական հայտարարությունը, այլ կոնկրետ գործողություններ։
Ճանապարհային երթևեկության վերահսկողությունը պետք է դառնա իրական և անընդհատ, ոչ թե սահմանափակվի առանձին հատվածներում տեղադրված տեսախցիկներով։
Վտանգավոր վազանցների, արագության գերազանցման, հարբած և անպատասխանատու վարելու համար պետք է ապահովվի պատժի անխուսափելիությունը։
Պետք է հրատապ աուդիտի ենթարկել վթարավտանգ ճանապարհահատվածները, վերացնել թերությունները, բարելավել լուսավորությունը, գծանշումները և անվտանգության ենթակառուցվածքները։
Պետք է հրապարակվեն ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառների, պատասխանատվության ենթարկված անձանց և իրականացված կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ տվյալներ։
Պետք է գնահատվի նաև պետական մարմինների պատասխանատվությունը, եթե ողբերգությունը պայմանավորված է եղել ճանապարհային ենթակառուցվածքների թերություններով կամ վերահսկողության բացակայությամբ։
Պետությունը չի կարող ամեն անգամ ողբերգությունից հետո սահմանափակվել քննություն սկսելով։ Քաղաքացիները պետությունից իրավունք ունեն պահանջելու անվտանգ ճանապարհներ և կյանքեր փրկող համակարգ։ Իսկ եթե պետական մարմիններն իրենց պարտականությունները չեն կատարում, պետք է լինի նաև նրանց պատասխանատվության հստակ մեխանիզմ։
Եվ հանրային կոչը բոլորիս է ուղղված։ Մի՛ արդարացրեք վտանգավոր վարքը, մի՛ լռեք, երբ տեսնում եք ճանապարհային կոպիտ խախտում, մի՛ խրախուսեք արագությունն ու անպատասխանատու վարելը։ Մի՛ նստեք ալկոհոլ օգտագործած մարդու մեքենան և թույլ մի՛ տվեք, որ ձեր անտարբերությունը վտանգի ուրիշի կյանքը։
Իսկ պետությունից պետք է պահանջել ոչ թե խոստումներ, այլ արդյունք։ Ոչ թե հերթական ցավակցական հայտարարություն, այլ կանխարգելված վթարներ, փրկված կյանքեր և պատասխանատվության ենթարկված մեղավորներ։
Ինը զոհը պարզապես վիճակագրություն չէ։ Դա ինը կյանք է, որոնք այլևս չեն վերադառնա։ Մենք իրավունք չունենք սպասելու հաջորդ ողբերգությանը։ Պետությունն էլ իրավունք չունի սպասելու, մինչև հերթական ընտանիքը սևազգեստ դառնա։
Մկրտիչ Իսրայելյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։