Սպիտակ տունը հայտարարել է Մելանյա Թրամփի մասնակցությամբ՝ Վաշինգտոնում ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպման մասին

Քաղաքականություն

03.11.2026 | 18:27

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը ծրագրում է Սպիտակ տանը կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպումը: Այս մասին ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփն անձամբ կհավաքի Սպիտակ տանը Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին՝ երկու երկրների, որոնք գտնվում են ակտիվ ռազմական հակամարտության մեջ։ Այս իրադարձությունը բացառիկ պահ կդառնա ամերիկյան պատմության մեջ»,– ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։

Նշվում է, որ Մելանյա Թրամփն իր նախաձեռնությամբ կապ է հաստատել պատերազմող երկու պետությունների միջև և հասել Օլեշկիում և դրան հարակից Խերսոնի շրջանում հրադադարի հաստատմանը։ «Այս ձեռքբերումը ԱՄՆ առաջին տիկնոջ կողմից աննախադեպ դիվանագիտական նախաձեռնություն է»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Հինգշաբթի՝ նոյեմբերի 5-ին, Մելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդես կգա Օլեշկիում հրադադարի հաստատման վերաբերյալ հայտարարությամբ։

Հոկտեմբերի 23-ին Սպիտակ տունը հայտարարել էր, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են դադարեցնել ռազմական գործողություններն Օլեշկիում, որպեսզի տեղի բնակիչները կարողանան անվտանգ լքել քաղաքը։ Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի մասնակցությամբ։

Արդյունքում՝ կողմերը հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 1-ը դադարեցրել են ռազմական գործողությունները և  համատեղ մարդասիրական առաքելություն իրականացրել։

Le Monde-ի տեղեկություններով, Օլեշկիի խաղաղ բնակիչների տարհանման առաքելությունը նախապատրաստել էին Ռուսաստանի և Ուկրաինայի հետախուզական ծառայությունները, սակայն այն ներկայացվել էր որպես Մելանյա Թրամփի միջնորդության արդյունք։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment