Համաներումը պարզ լուծում կարող է լինել, սակայն այն միշտ չէ, որ բխում է հասարակության շահերից, հայտարարել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով քրեակատարողական հիմնարկները բեռնաթափելու և համաներում կիրառելու հնարավորությանը: Նա այդ մասին ասել է Ազգային ժողովում բյուջետային քննարկումների ընթացքում:
«Եթե համաներումը բխում է «Նուբարաշենում» գտնվող անձանց շահերից, ապա չի բխում Երևանի փողոցներում քայլող մարդկանց շահերից: Եվ խոսքը անհասցե համաներման մասին է»,- ասել է նախարարը, հայտնում է Factor.am-ը:
Գալյանը ներկայացրել է նաև նախկինում ազատ արձակված և կրկին հանցագործություն կատարած անձանց վերաբերյալ վիճակագրական տվյալներ։ Նրա խոսքով՝ այդ ցուցանիշները վկայում են վերասոցիալականացման ծրագրերի կարևորության մասին։
«Մենք վիճակագրական տվյալներ ունենք․ նախկինում վերադարձած անձանց 50%-ից ավելին՝ 55%-ը, կրկնահանցագործներ են: Մենք ջանք ենք գործադրում, որպեսզի նաև այդ կրկնահանցագործներն անցնեն վերասոցիալականացման ճանապարհով: Համաներումը պարզ և հեշտ լուծում է Կառավարության համար, բայց մենք կարծում ենք, որ պարզ լուծումները այս դեպքում մեզ համար չեն»,- նշել է Գալյանը։
Նախարարն ընդգծել է, որ կառավարությունը փորձում է կրկնահանցագործություն կատարած անձանց նույնպես ներգրավել վերասոցիալականացման գործընթացում՝ առաջնահերթ համարելով ոչ թե ազատազրկվածների թվի մեխանիկական կրճատումը, այլ հասարակության համար հնարավոր ռիսկերի նվազեցումը։
Պատգամավոր Լիաննա Գասպարյանը բարձրացրել է նաև «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում առկա պայմանների և նոր ՔԿՀ-ի կառուցման աշխատանքների ձգձգման հարցը։
Ի պատասխան՝ Սրբուհի Գալյանը տեղեկացրել է, որ նոր հիմնարկի կառուցման համար դիտարկվել է նախկին «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի տարածքը։ Սակայն իրականացված ուսումնասիրություններով այնտեղ հայտնաբերվել են սահող հողաշերտեր, ինչի հետևանքով տվյալ վայրում շինարարություն իրականացնելու տարբերակը նպատակահարմար չի գնահատվել։
«Հիմա գտել ենք մի լուծում, ըստ որի առաջ կշարժվենք․ խոսքը պետություն-մասնավոր գործընկերությամբ համապատասխան հիմնարկի կառուցման մասին է»,- ասել է նախարարը։
Քննարկման ընթացքում քննադատություն է հնչել նաև նախկին «Էրեբունի» ՔԿՀ-ի տարածքում իրականացված ուսումնասիրությունների համար պետական միջոցներ ծախսելու առնչությամբ։ Գալյանը հակադարձել է այդ դիտարկումներին՝ շեշտելով, որ նախնական հետազոտությունները հնարավորություն են տվել ժամանակին բացահայտել շինարարության համար ոչ բարենպաստ պայմանները։
«Չծախսեինք, սկսեինք կառուցել, որ գայիք ասեիք՝ վա՛յ, անիմաստ փող եք ծախսել, չէի՞ք կարողանում նախօրոք սեյսմիկ անվտանգությունը ստուգեիք, նոր կառուցեիք»,-ասել է նա:
Անդրադառնալով քրեակատարողական համակարգի ներկայիս ծանրաբեռնվածությանը՝ նախարարը հայտնել է, որ ազատազրկման վայրերում պահվող անձանց ընդհանուր թիվն արդեն գերազանցել է 3300-ը։ Միաժամանակ էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառմամբ վերահսկվող անձանց թիվը մոտեցել է 2000-ի։
Խորհրդարանական քննարկման մեկ այլ թեմա է դարձել Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածով նախատեսված արարքի՝ վարորդական իրավունքից զրկված վիճակում տրանսպորտային միջոց վարելու ապաքրեականացման հնարավորությունը։
Սրբուհի Գալյանը պարզաբանել է, որ կառավարությունը քննարկել է համապատասխան առաջարկը, սակայն նպատակահարմար չի համարել այն ընդունել։
Նրա խոսքով՝ որոշման հիմքում դրվել են տվյալ արարքի հանրային վտանգավորության գնահատականը և քրեական պատասխանատվության կանխարգելիչ ազդեցությունը։
Նախարարը նշել է, որ ապաքրեականացումը կարող էր զգալիորեն նվազեցնել քննվող գործերի քանակը և թեթևացնել համակարգի ծանրաբեռնվածությունը, սակայն նման քայլը կարող էր բացասական հետևանքներ ունենալ հասարակության համար։
«Քաղաքականության մշակման համատեքստում եկել ենք այն եզրակացության, որ այդ արարքը հանրային մեծ վտանգավորություն ներկայացնող արարք է, և դրա գոյությունը որպես քրեորեն հետապնդելի արարք կանխարգելիչ մեծ նշանակություն է ունենում: Կրկին հեշտ լուծում կլիներ ապաքրեականացնել և բեռնաթափել գործերի 30-50%-ը, բայց կրկին կարող էր վնասել մեր հասարակությանը»,- ասել է Գալյանը։