Պարո՛ն Ռուբինյան, իսկ ո՞վ էր հարձակվել հայոց լեզվի վրա․ ինչո՞ւ շրջանառության մեջ դրվեց հայոց լեզվի անփոփոխելիությունը

Սոցիալական տարբեր հարթակներում հայ հանրությունը շարունակում է քննարկել ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի այն հայտարարությունը, թե՝ նոր Սահմանադրությամբ հայերենը որպես միակ պետական լեզու սահմանող հոդվածը կդառնա անփոփոխելի։

Հանրային գործիչ Հայկ Մովսիսյանը սա որակում է որպես ազգային ինքնության մանիպուլյացիա։ «Ինչո՞ւ են հենց հիմա շրջանառության մեջ դնում «լեզվի անփոփոխելիության» թեզը. երբ քաղաքական օրակարգում հանկարծ հայտնվում է մայրենի լեզուն «պաշտպանելու» թեման, առաջին հարցը, որ պետք է տալ, հետևյալն է. իսկ ո՞վ էր հարձակվել հայոց լեզվի վրա։ Իշխանության ներկայացուցիչների կողմից շրջանառվող հայտարարությունները՝ կապված նոր Սահմանադրությամբ հայերենի՝ որպես միակ պետական լեզվի կարգավիճակն «անփոփոխելի» դարձնելու հետ, առաջին հայացքից կարող են թվալ զուտ հայրենասիրական և պետականանվեր նախաձեռնություն, սակայն, խորքային վերլուծությունը բացահայտում է բոլորովին այլ շերտեր։ Սա ոչ թե լեզվի պաշտպանության, այլ հասարակությանը կրկին մոլորեցնելու դասական օրինակ է»,- MediaHub-ին ասում է հասարակական գործիչը։

Նրա խոսքով՝ ցանկացած հասարակության ամենախոցելի արժեքը նրա ինքնությունն ու մայրենի լեզուն է։ Այս թեմային դիպչելով՝ իշխանությունը կիրառում է «սպառնալիքի և փրկչի» դասական հոգեբանական հնարքը։ «Նախ՝ արհեստականորեն կամ ուռճացված կերպով ստեղծվում է վտանգի պատրանք, թե իբր ինչ-որ մեկը՝ օլիգարխներ, «արտաքին ազդեցության գործակալներ» կամ ընդդիմություն, ցանկանում է հարվածել հայերենին կամ այլ պետական լեզուներ ներմուծել, ապա՝ իշխանությունն իրեն դնում է այդ վտանգի դեմն առնող «միակ փրկչի» դերում»,– ասաց մեր զրուցակիցը։

Նոր Սահմանադրության փաթեթի հետ ստեղծվում է քաղաքական ծուղակ: Մովսիսյանի խոսքով՝ ցանկացած ոք, ով կհամարձակվի քննադատել նոր Սահմանադրության նախագիծը կամ դեմ դուրս գալ դրան, ակնթարթորեն կպիտակավորվի որպես «հայերենի դեմ դուրս եկող», «թերարժեքության բարդույթով տառապող» կամ «օտարերկրյա գործակալ»։ Սա խոսքի ազատության և հիմնավորված առարկությունների լռեցման կոպիտ մեթոդ է։

«Այս հռետորաբանությամբ իշխանությունը ձևավորում է խիստ բևեռացված օրակարգ՝ հասարակությունը բաժանելով «հայոց լեզվի նվիրյալների» և «ազգային թշնամիների/գործակալների»։ Այս մոտեցումը ոչ թե համախմբում, այլ խորացնում է ներսում առկա ճաքերը՝ շեղելով ուշադրությունը երկրի առջև ծառացած սոցիալ-տնտեսական, անվտանգային և իրական ստրատեգիական մարտահրավերներից։ Մենք գործ ունենք ոչ թե լեզվական անվտանգության ապահովման, այլ զգացմունքային մանիպուլյացիայի միջոցով քաղաքական դիվիդենտներ շահելու և հասարակական ուշադրությունը շեղելու փորձի հետ»։

Մեր զրուցակիցը նաև առաջարկում է սովորել՝ տեսնել տողատակերը, չտրվել արհեստական բևեռացումներին և թույլ չտալ, որ մեր ազգային արժեքները դառնան քաղաքական տեխնոլոգիաների գործիք։ «Հռչակագրի դեմ պայքարողը պայքարում է ոչ թե տեքստի, այլ հենց հայկական պետականության կամքի դեմ»,- եզրափակեց խոսքը մեր զրուցակիցը։

Հունան Թադևոսյան

Leave a comment