Deloitte. Ընկերությունների միայն 15%-ն է լայնածավալ կիրառում ԱԲ գործակալներ

Deloitte-ի հետազոտության համաձայն՝ հարցված 501 ղեկավարներից միայն շուրջ 15%-ն է հայտնել, որ իրենց ընկերություններում միաժամանակ մի քանի արհեստական բանականության (ԱԲ) գործակալներ կիրառվում են լայնածավալ և համակարգված ձևով։ Սա վկայում է, որ ԱԲ գործակալների ներդրումը բիզնես գործընթացներում դեռևս զարգացման վաղ փուլում է։

Հետազոտության տվյալներով՝ ընկերությունների 43%-ն ընդլայնում է ԱԲ գործակալների կիրառումը, իսկ 42%-ը դեռևս փորձարկում է սահմանափակ թվով գործակալներ։ Տեխնոլոգիան հիմնականում ներդրվում է ցածր ռիսկայնությամբ, կրկնվող առաջադրանքներում, որտեղ հնարավոր է արագ վերադարձնել ներդրումները։ Դրանց թվում են հաճախորդների սպասարկումը, տեղեկատվական տեխնոլոգիաները և ծրագրային ապահովման մշակումը։

Կազմակերպությունների գրեթե երկու երրորդը վերանայում է իր բիզնես մոդելը՝ ԱԲ գործակալների զարգացման ազդեցությամբ։ Հիմնական հարցն այն է, թե որքանով գործող մոդելները կպահպանեն արդյունավետությունը, երբ տեխնոլոգիան փոխի ծախսերի կառուցվածքն ու աշխատակիցների դերը։

Cisco-ի նախագահ և արտադրանքի գծով տնօրեն Ջիտու Պատելը կանխատեսում է, որ ԱԲ գործակալները կփոխակերպեն գրեթե բոլոր աշխատանքային գործընթացները։ Ընկերությունը նպատակ ունի մինչև 2027 թվականի ավարտն իր արտադրանքի 70%-ի ծրագրային կոդն ամբողջությամբ ստեղծել արհեստական բանականության միջոցով։

Պատելի խոսքով՝ տեխնոլոգիայի լայն տարածմանը խոչընդոտում են ներդրման բարդությունը, անկանխատեսելի ծախսերը և ԱԲ գործակալների գործողությունների համար պատասխանատվության չլուծված հարցերը։ Օրինակ՝ ինքնավար գործընթացների համար նախատեսված OpenClaw ԱԲ օգնականը արագ յուրացվել է տեխնոլոգիապես պատրաստված օգտատերերի կողմից, սակայն մյուսների համար չափազանց բարդ է եղել։

Երբ Cisco-ի 32 հազար աշխատակիցներ սկսել են օգտագործել ԱԲ գործակալներ, ընկերությունը բախվել է թոքենների սպառման և ծախսերի վերահսկման խնդրին։ Այժմ յուրաքանչյուր ղեկավար ունի թոքենների օգտագործման առանձին բյուջե, իսկ հատուկ հավելվածը վերահսկում է դրանց սպառումը։

Ղեկավարները կարող են անջատել այն գործակալներին, որոնք չեն ապահովում ակնկալվող արդյունքը։ Պատելը կարևորում է ծախսերի պլանավորման և վերահսկման գործիքները՝ խորհուրդ տալով նախ ապացուցել տեխնոլոգիայի արդյունավետությունը սահմանափակ ռեսուրսներով։

Նրա գնահատմամբ՝ ԱԲ գործակալների դարաշրջանը արհեստական բանականության զարգացման երկրորդ փուլն է։ Առաջինը սկսվել է ChatGPT-ի գործարկմամբ և բնական լեզվով հաղորդակցման հնարավորությամբ, իսկ այժմ սկսվում է ինքնավար ԱԲ գործակալների փուլը։

Leave a comment