Լոնդոնից ժամանող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել ռումբի առկայության մասին սպառնալիքից հետո

Մեծ Բրիտանիայից ժամանող «Boeing 737 MAX» ինքնաթիռը Լեհաստանում հարկադիր վայրէջք է կատարել ռումբի առկայության մասին ստացված սպառնալիքից հետո․ այս մասին հայտնել է Վարշավա-Մոդլին օդանավակայանի մամուլի ծառայությունը։

Օդանավում եղել է 181 մարդ, բոլորն էլ տարհանվել են։

«Ստեղծված իրավիճակի պատճառով Վարշավա-Մոդլին օդանավակայանը փակ կմնա մինչև հատուկ կարգադրություն։ Արտակարգ իրավիճակների ծառայությունները աշխատում են սպառնալիքի իսկությունը ստուգելու և օդանավակայանում գտնվող բոլոր մարդկանց անվտանգությունն ապահովելու ուղղությամբ», – հայտնել են օդանավակայանի ներկայացուցիչները։

Լոնդոնի Հիթրոու օդանավակայանից դեպի Վարշավայի Շոպենի անվան օդանավակայան թռչող ինքնաթիռում ռումբի առկայության մասին հաղորդումը ստացվել է Երևանի ժամանակով՝ 12:54-ին, իսկ 13:01-ին ինքնաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Մոդլինում։ Օդանավակայան են ժամանել պայթուցիկ նյութերի վնասազերծման մասնագետներ։

Օդակայանի մամուլի ծառայության տվյալներով՝ վայրէջքի պահին ինքնաթիռում եղել է մոտ 3,7 տոննա վառելիք։ «Այս պահին մենք այլ տեղեկություններ չենք տրամադրում արտակարգ իրավիճակների ծառայությունների կողմից ձեռնարկվող գործողությունների վերաբերյալ», – նշել են օդանավակայանի ներկայացուցիչները։

Leave a comment