Հայերենը՝ Հայաստանի պետականության անփոփոխելի հիմք․ ինչո՞ւ է այս որոշումն անհրաժեշտ
Հայերենը Հայաստանի Հանրապետության միակ պետական լեզուն է, և այդ կարգավիճակը պետք է ոչ միայն ամրագրված լինի Սահմանադրությամբ, այլև ունենա լրացուցիչ իրավական պաշտպանություն։ Ահա այս տրամաբանությամբ է Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել, որ նոր Սահմանադրությամբ հայերենը որպես միակ պետական լեզու սահմանող հոդվածը կդառնա անփոփոխելի։
Ռուբինյանի խոսքով՝ գործող Սահմանադրությամբ սահմանված կարգի համեմատ՝ նոր կարգավորմամբ անհնար կլինի փոփոխել այդ հոդվածը, փոխել պետական լեզուն կամ ավելացնել այլ պետական լեզուներ։ Նա ընդգծել է, որ այս քայլով պաշտպանվելու է ազգային ինքնության գլխավոր հենասյուներից մեկը՝ հայոց լեզուն։
Այս հայտարարությունը կարևոր է հատկապես այն պատճառով, որ վերջին տարիներին տարբեր քաղաքական և հասարակական շրջանակներում պարբերաբար քննարկվել են ռուսերենին կամ անգլերենին պետական լեզվի կարգավիճակ տալու առաջարկներ։ Սակայն այստեղ պետք է հստակ տարանջատել երկու տարբեր հասկացություն՝ օտար լեզուների իմացությունն ու դրանց պետական կարգավիճակը։
Հայաստանը կարող է և պետք է զարգացնի բազմալեզու կրթությունը, խրախուսի օտար լեզուների իմացությունը, ընդլայնի միջազգային հաղորդակցության հնարավորությունները։ Բայց դա որևէ կերպ չի նշանակում, որ պետությունը պետք է վերանայի իր լեզվական ինքնության հիմնարար սկզբունքը։
Հայերենը պարզապես հաղորդակցության միջոց չէ։ Այն մեր պատմական հիշողության, մշակույթի, գրականության, ազգային ինքնագիտակցության և պետական շարունակականության կրողն է։ Հայ ժողովուրդը պետականություն է կորցրել, վերականգնել, ապրել օտար տիրապետության պայմաններում, սակայն պահպանել է իր լեզուն։ Այդ լեզուն եղել է ազգային ինքնության պահպանման կարևորագույն երաշխիքներից մեկը։
Հետևաբար, հայերենի պետական կարգավիճակի ամրագրումը ոչ միայն մշակութային, այլև պետականության և ինքնիշխանության հարց է։
Միաժամանակ, նոր Սահմանադրության շուրջ քննարկումները չպետք է սահմանափակվեն միայն այս դրույթի շուրջ քաղաքական համաձայնություն կամ անհամաձայնություն ձևավորելով։ Կարևոր է նաև հասկանալ, թե ինչ իրավական մեխանիզմով է ապահովվելու այդ անփոփոխելիությունը և ինչպես է այն ներդաշնակվելու Սահմանադրության մյուս դրույթների հետ։
Ռուբինյանը նաև ընդդիմությանը կոչ է արել չխոչընդոտել այս փոփոխության ընդունմանը։ Սակայն լեզվի պետական կարգավիճակը պետք է դիտարկել ոչ թե իշխանություն-ընդդիմություն հակադրության, այլ ազգային և պետական նշանակության հարցի շրջանակում։
Հայաստանի Հանրապետությունն ունի մեկ պետական լեզու՝ հայերենը։ Օտար լեզուներ սովորելը մեր հնարավորությունն է, իսկ հայերենը պետական լեզու պահելը՝ մեր պատասխանատվությունը։
Մկրտիչ Իսրայելյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։