Տավուշի մարզում վերականգնվել է 162 միլիոն դրամի պետական գույք – Azat TV

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ ամփոփվել են Տավուշի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները։ Տարվա ընթացքում նախաձեռնվել է 2095 քրեական վարույթ, դատարան է հանձնվել 431 գործ, իսկ պետությանը պատճառված վնասից վերականգնվել է շուրջ 55 միլիոն դրամ։

Պետական և համայնքային շահերի պաշտպանության շրջանակում Իջևան և Դիլիջան համայնքներին վերադարձվել է ավելի քան 162 միլիոն դրամ արժողությամբ 4 անշարժ գույք։ Դիլիջան համայնքին վերադարձվել են երկու մանկապարտեզի շենքեր՝ Շահումյան փողոցի թիվ 34 հասցեում գտնվող 891.1 քմ մակերեսով չօգտագործվող մասնաշենքը (կադաստրային արժեքը՝ 85.9 միլիոն դրամ) և Օրջոնիկիձե փողոցի 63/2 հասցեում գտնվող շենքի մի մասը՝ 286.5 քմ մակերեսով (կադաստրային արժեքը՝ 30.8 միլիոն դրամ)։

Իջևան համայնքը վերադարձրել է Խաշթառակ բնակավայրի 9 փողոցի 11 հասցեում գտնվող 198.45 քմ մակերեսով մանկապարտեզի մասնաշենքը (կադաստրային արժեքը՝ 44.1 միլիոն դրամ) և Սպանդարյան փողոց 1/91 հասցեում գտնվող 0.3265 հա մակերեսով հողամասը (կադաստրային արժեքը՝ 1.45 միլիոն դրամ)։

Տավուշի մարզի դատախազ Գևորգ Սարգսյանը նշել է, որ 2025 թվականին նախաձեռնված քրեական գործերի թիվը կազմել է 2095, ինչը փոքր-ինչ գերազանցում է 2024 թվականի ցուցանիշը։ Դատարան է հանձնվել 431 քրեական գործ՝ 464 անձի վերաբերյալ։ Դատարաններում ավարտվել է 349 քրեական գործ՝ 359 անձի վերաբերյալ։

Աննա Վարդապետյանը դատախազներին հանձնարարել է շարունակել պետական և համայնքային շահերի պաշտպանությունը, ինչպես նաև ուշադրություն դարձնել անչափահասների շրջանում հանցագործությունների կանխարգելմանը։

Leave a comment